Ինչպես է Արևիկ Գևորգյանը ոտաբոբիկ քայլել քաղաքում, և ինչ նվեր է ընկել օդից՝ ուղիղ ձեռքերի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Արեւիկ Գեւորգյանն է:

Նա հիշեց պատմություններ իր մանկությունից: Դրանցից մեկը կապված է Ամանորի գիշերվան նախորդող ժամերի հետ. «5-6 տարեկան էի, դեկտեմբերի 31-ի առավոտն էր: Այդ օրը ընտանիքով տոնածառն էինք զարդարում: Այդ տարի այնքան տաք էր, որ պատուհանները բաց էինք թողել, ու երբ տոնածառը զարդարեցինք, ավարտեցինք, ես մենակ մնացի, նայում էի պատուհանից, ու հանկարծ երկնքից մի կարմիր տոպրակ ընկավ ձեռքերիս մեջ: Տոպրակի մեջ ընկույզ էր, քաղցրավենիքներ: Ես գնացի, ծնողներիս պատմեցի, բայց նրանք չհավատացին: Վերեւի հարկում մի տղա կար, որը սիրահարված էր ինձ: Մտածում եմ՝ գուցե նա էր տոպրակն ուղարկել, բայց ոչ մի խոսոտավանություն այդպես էլ չհնչեց, եւ ես համարում եմ, որ տոպրակը նվեր էր երկնքից»:

Մյուս երկու պատմություններն արդեն կապված են դերասանուհու դպրոցական կյանքի հետ: Հերթական անգամ, երբ Արեւիկը սեպտեմբերի 1-ին վերադառնալիս է լինում տուն, դե, իհարկե, նոր կոշիկներով, դրանք ցավացնում են ոտքերը, եւ նա որոշում է ձերբազատվել բոլոր բարդույթներից, հանել կոշիկներն ու ոտաբոբիկ վերադառնալ տուն:

«Ու նաեւ հիշում եմ, որ երկար տարիներ ծնողներս էին ինձ ուղեկցում դպրոց: Եվ, ահա, եկել էր ժամանակը, որ արդեն միայնակ պետք է գնայի: Չգիտեմ` ինչու, ինձ թվում էր, որ եթե աչքերս փակ, վազելով անցնեմ մեքենաների միջով, մեքենաներն էլ ինձ չէին նկատի: Անհավանական է, բայց տեւական ժամանակ բախտս բերում էր, չգիտեմ ինչպես… Բայց մի անգամ երբ էլի աչքերս փակ սլանում էի, մեքենաներից մեկը հարվածեց ինձ եւ… աչքերս բացեցի արդեն տանը ու էլ ոչինչ չէի հիշում: Բախտս բերեց, միայն կապտուկներ ստացա, ստիպված ամբողջ ամառ երկարաթեւ հագուստ էի կրում, որպեսզի թաքցնեմ դրանք հատկապես հորիցս, այլապես, եթե նա իմանար եղելությունը, մինչեւ տասներորդ դասարան կուղեկցեր ինձ դպրոց»,- ծիաղելով եզրափակեց Արեւիկը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս