Այսօր օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանը: Ամռան շրջանից հետո սա նոր նստաշրջանի առաջին հարցուպատասխանն է լինելու, որը խոստանում է թեժ լինել: Բանն այն է, որ նախկինում եւս կառավարության անդամներին եւ վարչապետին հարց տալու համար նվազագույնը 30 պատգամավոր գրանցվում էր եւ նախատեսված 18:00-ի փոխարեն նիստը, օրինակ, վերջանում էր 20:00-ից հետո: Եվ այսօր եւս բացառություն չի լինի, քանի որ այս ամիսների ընթացքում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք օրենսդիրները ցանկանում են հղել կառավարության անդամներին եւ գլխավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորներից մեծ թվով պատգամավորներ են գրանցվելու հարցեր տալու համար, եւ նրանց հարցերի մեծ մասն ուղղված է լինելու վարչապետին: Ընդ որում, հարցեր տալու մտադրություն ունեն նաեւ հենց իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հարցերի մեծ մասը վերաբերելու է գլխավորապես Ամուլսարի հանքի շահագործման խնդրին, սակայն այլ թեմայի վերաբերյալ հարցեր, բնականաբար, հնչելու են: