ՀՀ կառավարությունը հաստատեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների 2019 թվականի ծախսերի նախահաշիվը, որը կազմել է 501 մլն դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ նախագծի հիմնավորման, ծրագրի նպատակն է՝ ապահովել Հայաստանի գիտական, գիտատեխնոլոգիական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների և, առհասարակ, իրավաբանական անձանց մասնակցությունը ԵՄ գիտության և տեխնոլոգիաների շրջանակային «Հորիզոն-2020» ծրագրին որպես ասոցացված երկրի ներկայացուցիչներ, այն է` ունենալ նույն իրավունքները, ինչ Եվրոպական միության անդամ երկրների կազմակերպությունները:
2016-2019 թվականների ընթացքում (2019 թ. հունիսի դրությամբ) Հայաստանի գիտական կազմակերպություններից և բուհերից ներկայացվել է «Հորիզոն-2020»-ի քննարկման ենթակա մասնակցության 103 հայտ, որոնցից 26-ը բավարարվել է, այսինքն` այսպես կոչված հաջողության գործակիցը կազմում է 14.21 տոկոս, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Արևելյան գործընկերության երկրների, այդ թվում՝ նաև «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրների (Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) մեջ:
Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության երկու կազմակերպություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանը և ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, 2019 թվականին շահել են «Twinning» ծրագրեր:
Ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը, վերոնշյալ համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել Հայաստանի և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով:
Միևնույն ժամանակ, վերոնշյալ հոդվածի 2-րդ կետով՝ ՀՀ ֆինանսական ներդրման մի մասը` մինչև 50 տոկոսի չափով, կարող է կատարվել Եվրոպական միության համապատասխան արտաքին օգնության միջոցների հաշվին: 2019 թվականի համար Հայաստանի ֆինանսական ներդրման չափը կազմում է 989 813.1 հազ. ՀՀ դրամ, որի 50 տոկոսը, այն է` 494,9 մլն դրամը, կարող է ֆինանսավորվել Եվրոպական միության արտաքին օգնության միջոցների հաշվին:
Սույն միջոցների հավաքագրման ու նպատակային օգտագործման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն 2017 թվականի հունվարի 19-ի N 27-Ա որոշմամբ բացել է արտաբյուջետային հաշիվ: Հաշվում 2019 թվականի տարեսկզբին առկա է 6,149.7 հազ. ՀՀ դրամի մնացորդ. սույն տարվա ֆինանսական միջոցները ծախսելու համար անհրաժեշտ է հաստատել նախահաշիվ նախատեսվող ներդրման և առկա մնացորդի հանրագումարի չափով, այն է՝ 501056.25 հազ. ՀՀ դրամ։