ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ բացահայտում. մեքենան ներկրելուց հետո, պարզվում է, մասերը չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան մեքենա ներկրող մի շարք քաղաքացիներ ընկել են անելանելի դրության մեջ: Բանն այն է, որ նրանք մեքենա են ներկրել աճուրդների միջոցով, իսկ երբ դրանք հասել են Հայաստան, պարզել են, որ մեքենայի որոշ մասեր չկան: Ասել է թե` գումարներ են ծախսում մեքենան գնելու, այն երկրից երկիր տեղափոխելու համար, բայց հետո ստանում են կիսատ-պռատ մեքենա:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նման դեպքերում ավտոներկրողները հսկայական դրամական կորուստներ են ունենում, քանի որ «գողացված» մասերը ստիպված են լինում փոխարինել կամ գնորդին մեքենան էժան գնով են վաճառում: Շատ դեպքերում անգամ գնորդները հրաժարվում են գնել մեքենան, եւ ներկրողը ստիպված է լինում այն կանգնեցնել ամիսներով մինչեւ նոր գնորդ ձեռք բերելը:
Ավտոներկրող Գագիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս դարավոր եւ չկարգավորվող խնդրին, հայտարարեց, որ ավտոմեքենայի մասերը հիմնականում պակասում են հենց Փոթի նավահանգստում:

«Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, սկսում են մեքենայից մասեր վերցնել: Մեքենան հասավ Վրաստան, եւ ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում: Այնտեղ մենք մեքենաներին չենք տեսնում, բանալիները իրենց մոտ են (խոսքը վրացական կողմի մասին է): Օրինակ` մեքենաների մեծ մասը, որոնք գալիս են Երեւան, անիվները մեջը չեն լինում, դանգռադ, կլյուչ մեքենայի մեջ չի լինում»,- իրավիճակը ներկայացրեց ավտոներկրողը: Մեր զրուցակցի խոսքով, սակայն, ամենատարածվածը «ակումլյատորի եւ կատալիզատորի գողությունն է»: Կարճ ասած`ում ինչ անհրաժեշտ է, մեքենայի վրայից հանում են կամ նոր պահեստամասը հնով, մաշվածով են փոխարինում:

«Ակումլյատորները վրայից հանում են, անիվները փոխում են: Ինչ անհրաժեշտ մաս կա, իրենք վրայից փոխում են: Մենք չենք կարողանում գնալ այնտեղ կանգնել ու ասել`իմ մեքենան տվե՛ք ինձ: Իրենք մեքենան իջեցնում են կայանատեղի, որից հետո մենք գնում ենք ու մեքենան վերցնում ենք: Մենք չենք կարողանում տեսնել, թե իրենք ինչպես են կանտեյներից հանում մեքենան»,- տեղեկացրեց Գագիկ Հակոբյանը:
Ապա փոխանցեց, որ ճապոնական կամ ամերիկյան աճուրդների միջոցով մեքենան ներկրելիս իրենք լուսանկարներ են ձեռք բերում տվյալ ավտոմեքենայի: Նկարում ավտոմեքենայի հետ ամեն բան կարգին է, ոչ մի դետալ պակաս չէ:

Բայց այն ներկրողին հասնելուց հետո հակառակն է պարզ դառնում: «Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան պարզ երեւում է, ամեն ինչ կարգին է, հիմա արդեն դուրս է եկել, բայց գնամ Փոթի այն վերցնելու, պետք է ստուգեմ` դետալներին ձեռք են տվել, թե ոչ: Վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետեւ թանկ է: Դժվար ամերիկացին կամ ճապոնացին կատալիզատոր հանի ու վաճառի»,- նկատեց ավտոներկրողը`ընդգծելով, որ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում կատալիզատորների վաճառքը եւս տարածված բնույթ է կրում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան: Իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում:

Մեքենա ներկրողների կողմից բարձրացրած այս խնդիրը տեւական ժամանակ է`այդպես էլ լուծում չի գտնում: «Այլ տարբերակ չկա: Այնտեղ ոչ մեկ քեզ չի լսում, չի ընդունում, չես կարող ձայն բարձրացնել, հնարավոր չէ: Ասում ենք` Աստված ջան, լավ է, որ ավտոմեքենան գոնե էսքան էլ հասել է: Ստիպված գնորդին ասում ենք`էսինչ բանը կա, էնինչ բանը չէ, գողացված է: Գնայինի մեջ պետք է հարմարվես, նվազեցնես կամ էլ եթե հրաժարվում է, մեքենան ամիսներով մնում է կանգնած, մինչեւ ինչ-որ մեկը գա ու տանի այդ վիճակով»,- ներկայացրեց Գագիկ Հակոբյանը:

Տեղեկացնենք, որ երեկ մի շարք ավտոներկրողներ բողոքի ակցիա անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում են մաքսատունը Գյումրի չտեղափոխել, քանի որ այդ որոշումն իրենց համար լրացուցիչ ծախսեր կառաջացնի. «Օրինակ` ենթադրենք` ես ունեմ 10 հատ մեքենա եւ դրանք պետք է տանեմ Գյումրի մաքսազերծելու նպատակով, հետեւաբար 10 վարորդ ինձ է պետք:

Նրանց ես Գյումրի հասցնելու համար պետք է վճարեմ, բնականաբար չի բացառվում, որ այնտեղ հերթեր են լինելու, եւ պետք է վարորդներին պահեմ, կերակրեմ, այդ ամեն ինչը լրացուցիչ ծախսեր են ինձ համար: Գումարներ եմ ծախսելու»:

Բացի այս, ավտոներկրողները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեցին, որ վրացական շուկայի խաղացողները, օգտվելով առիթից, վերջին շրջանում զգալի թանկացրել են ավտոմեքենաները: Մեկ մեքենայի գնի բարձրացումը կազմում է 500-1000 դոլար: Ի դեպ, երեկ ավտոներկրողները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում էին պահանջում,բայց այն այդպես էլ չկայացավ. կառավարությունից որեւէ մեկը չհանդիպեց իրենց հետ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս