Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին մեկնարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Դատարանի բակում կրկին հավաքվել են և Քոչարյանի կողմնակիցները, և նրա խափանման միջոցը փոխելու դեմ հանդես եկողները: Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված շենքի մոտակայքում:
Ռոբերտ Քոչարյանը հունիսի 25-ից կալանքի տակ է: Վերաքննիչ քրեական դատարանը որոշել էր կրկին կալանավորել Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև բեկանել Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու Երևանի դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Դատական առաջին նիստին կքննվի Քոչարյանի խափանման միջոցի հարցը, քանի որ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ փոխելու նրա խափանման միջոցը և դադարեցնելու քրեական հետապնդումը: