Ինչքան որ հուր կա մարդկանց սրտում, ախ, երևումա՝ ոնց ես ուզում, որ բոլորը քեզ լինեն, բոլորը՝ քեզ. Հասմիկ Սիմոնյանը՝ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ գրական փորձեր է արել: Բոլորին հայտնի է  նրա՝ արդեն բեսթսելլեր դարձած «Երկրի հակառակ կողմը» վեպը, որը վերջինս գրել է ընդհատակում: Սակայն արձակ գործերից զատ՝ վարչապետն իր ուժերը փորձում է նաեւ չափածո գործերում: Այս տարվա մարտին, օրինակ, Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցելությունից տպավորված՝ վարչապետը գրել էր մի բանաստեղծություն: Մեջբերենք մի քառյակ.

Երազանքը երազելու համար չէ լոկ,

Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Վերջերս էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղադրեց իր հերթական բանաստեղծությունը՝ նվիրված Հայաստանին: Ահա մի քանի տող՝ ստեղծագործությունից.

Հայաստանը մի երկիր է ուր ճամփեքն են մոլորվում,

Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում,

Հայաստանը մի երկիր է, ուր աշունը ջինջ է, տաք,

Ու շողում են խաղողի մեջ գինիները անապակ:

Հայաստանը մրգաստան է, այգեստան է ծիրանի,

Չոր լավաշով լի մառան է, զնգուն զարկ է զնդանի,

Հայաստանը յարխուշտա է, քոչարի է, հորովել,

Զուռնա-դհոլ, թառ ու դուդուկ, անցյալում կորած ծովեր։

Բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը այն համոզման է, որ Փաշինյանի այս բանաստեղծությունը տիպիկ օրինակ է այն բանի, թե ինչպես չի կարելի գրել. «Լավ է, երբ հայրենիքը սիրում են: Վատ է, երբ այդ սերը պատասխանատվության փոխարեն են փաթաթում վզիդ ու կամացուկ ձգում, որ Ամուլսարը փախչի ոտքերիդ տակից, ու դու՝ որպես հայրենիքի սովորական բնակիչ, օրորվես՝ սիրո պարանից կախված:  Լավ է, երբ բանաստեղծություն են գրում: Պոեզիաթերապիան ամենալավն է օգնում գտնել քո միջից էն բառերը, որ բարձրաձայնելու համար չեն ու չասելուց փտում են ներսումդ ու խանգարում քեզ ապրել:

Ու շատ լավ է, որ երկրի վարչապետը գիտի թերապիայի այս տեսակի մասին: Վատ է, որ չգիտի, որ ինչպես երկար ժամանակ չօգտագործած ծորակից սկզբում ժանգ է թափվում, այդպես էլ այդ բառերն են անխնամ ու անօգտագործելի գրականության համար եւ խմելու համար պիտանի մի բաժակ սառը ջրի համար կամ բանաստեղծության հարկավոր է երկար սպասել: Լավ է, երբ երկրի վարչապետ ես, ու քեզ սիրում են լայքերով, ու դու էլ ուզում ես կաշվիցդ դուրս գալով ամեն լայքին արժանի լինել, ու կուզեիր մեկը չլինել, այլ միլիոն մեկը ու բոլորի փոխարեն աշխատել, դրա համար մի տեղ ավել ես անում, մի տեղ գոռում ես, մի տեղ էլ բանաստեղծություն գրում:

Ինչքան որ հուր կա մարդկանց սրտում, ախ, երեւում ա՝ ոնց ես ուզում, որ բոլորը քեզ լինեն, բոլորը՝ քեզ: Վատ է, որ չգիտես, ֆեյսբուքի հակառակ կողմում իրական մարդիկ են կանգնած՝ ավելը ճիշտ բռնողն ու բանաստեղծության միջից ավելորդ բառերը ջնջել իմացողը, ու, ցավոք սրտի, դու ոչ առաջինն ես, ոչ էլ երկրորդը: Ցանկալի է, որ լինես ու մնաս պատասխանատվություն կրողը: Իսկ բանաստեղծություններ կգրեն պոետները, երդվում եմ, Տերյանը չէր վերջինը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վարչապետին դիմեց բանաստեղծը:

Նա հիշեցրեց  Հովհաննես Գրիգորյանի «Հայաստան» բանաստեղծության մասին. «Ահավասիկ՝ մեկը, թե ոնց են սիրում հայրենիքը պոետները առանց ծեքծեքումի, առանց ավելորդ բառերով ու անզարդարուն.

Սա իմ երկիրն է-չափերով այնպիսին,

որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ:

Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,

Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ,

իսկ քարտեզի վրա

ընդամենը արցունքի մի կաթիլ…

Սա իմ երկիրն է-չափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ…»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս