Քոչարյանին ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնել։ Պաշտպաններից Արամ Օրբելյանը, վկայակոչելով ՍԴ որոշումը, հիշեցրեց, որ Բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչել մի դրույթ, որում անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Մեկ տարվա ընթացքում երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։




Լրահոս