ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ էր լռում ՀՔԾ-ն. անհասկանալի դրսեւորումներ Գագիկ Խաչատրյանի քրեական գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ վերջինիս եղբորորդուն` Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություն իրականացրեց: Օգոստոսի 30-ին ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց եւ այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ում:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ի այս գործողություններից հետո անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Հատուկ քննչական ծառայությունը եւ նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Գագիկ Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը։ Իսկ ինչո՞ւ էր մինչ այդ լռում ՀՔԾ-ն, ինչո՞ւ էր նա վախենում այդ մասին խոսել. գուցե նախաքննական մարմինը ինչ-ինչ պայմանավորվածություն ուներ Գագիկ Խաչատրյանի հետ, որ լռում էր, կամ այլ խնդիր կար. այդպես էլ մնաց օդից կախված: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը օրերս պարզեց, որ դատախազության միջոցով ՀՔԾ-ի ձեռքից վերցրել են ՊԵԿ նախկին նախագահի մասով նրանց վարույթում քննվող գործ եւ ուղարկել են ԱԱԾ: Այսքանով այս քրեական գործով անհասկանալի դրսեւորումները չեն ավարտվում, եւ հերթը հասավ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Այսպիսով, այս տարվա փետրվարի 28-ին ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խնդրել էր տեղեկություն տալ Գագիկ Խաչատրյանին առնչվող գործերի հետ կապված:

ՀՀ գլխավոր դատախազությունից մարտ ամսին ստացվել էր պատասխան, թե նրա հետ կապված որեւէ քրեական գործ չկա։ «Գագիկ Խաչատրյանը որեւէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի»,- նշված է եղել ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանում: Արդյունքում, հիմա պարզվում է, որ ոչ միայն գործ է եղել հարուցված, այլեւ ՊԵԿ նախկին նախագահը 800 միլիոն դրամի չափով վնասը փոխհատուցել է: Ստացվում է` ՀՀ գլխավոր դատախազը կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ իրավապահները չեն վստահում նրան եւ որեւէ տեղեկություն չեն տալիս իրենց վարույթում քննվող քրեական գործերի հետ կապված, ինչը այդքան էլ իրատեսական չէ: Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար գրավոր հարցում ուղարկեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված մեր հարցմանը պատասխանել էր ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

-Հարգելի՛ պարոն Դավթյան, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ ԱԺ ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանին հայտնել էիք, որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված որեւէ գործ չկա. Այսինքն՝ տեղյակ չե՞ք եղել, որՀՔԾ-ում նրա մասով քրեական գործ է քննվում, թե՞ ՀՔԾ-ն է խաբում, որ նա քրեական գործով անցնում է, եւ մի բան էլ՝ 800 միլիոն դրամ է փոխհատուցել: Խնդրում եմ հնարավորինս մանրակրկիտ ներկայացնել այս ակնհայտ հակասության պատճառը:

-ՀՀ Գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր ՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի հարցման կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի«Լուսավոր Հայաստան»խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փետրվարի 28- հարցմանն ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության կողմից 2019 թվականի մարտի 11-ի թիվ 7 /9-32-19 գրությամբ հայտնվել է. «Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդման մարմիններում հարուցված երեք քրեական գործերով քննության առարկա են հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործողությունները, որոնց քրեաիրավական գնահատական է տրվելու քննությամբ ձեռք բերվող փաստական տվյալների հիման վրա: Ներկայումս նշված քրեական գործերով Գագիկ Խաչատրյանը կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի: Նշվածից հետեւում է, որ Ձեր այն պնդումը, թե նախկինում հայտնվել է, որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված որեւէ քրեական գործ չկա, չի բխում ՀՀ գլխավոր դատախազության վերը հիշատակված գրության բովադակությունից:

-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որՊԵԿ նախկին նախագահը մի քանի անգամ հարցաքննվել է ԱԱԾ-ում: Որպես ՀՀ գլխավոր դատախազ՝ տեղյա՞կ եք, թե ինչ կարգավիճակով են Գ.Խաչատրյանին երկու անգամ կանչել հարցաքննության:

-Հարկ է նշել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող այն քրեական գործով, որով քննության առարկա են հանդիսացել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործողությունները, վերջինս մինչեւ ձերբակալելը որեւէ անգամ որեւէ կարգավիճակով չի հարցաքննվել: Ուշագրավն այն է, որ ԱԱԾ տնօրենը մեկ այլ բան է ասում, իսկ գլխավոր դատախազը` մեկ այլ բան, ինչը մի շարք հարցեր է առաջ քաշում. կա՛մ ԱԱԾ-ն իր քայլերով դատախազությանը հաշվետու չի լինում, կա՛մ դատախազը տեղյակ չի եղել ՊԵԿ նախկին նախագահի հարցաքննությունից:

Քնար Մանուկյան




Լրահոս