«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Մեր տեղեկությունների համաձայն` այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, այն ընդգրկեն ԱԺ լիագումար նիստում: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան, դրա սահմանադրականությունը ստուգելուհամար: Իսկ այդ դեպքում դեռ մոտ երկուսուկես ամիս կտեւի այդ պրոցեսը:
Նշենք, որ հուլիսի 31-ին Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավելի եղել:
Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ:
Հիշեցնենք, որ Բաբայանը ցանկանում է փոխել Սահմանադրության այն նորմը, որն արգելում է վերջին տասը տարվա ընթացքում Արցախում չբնակված քաղաքացիներին առաջադրվել նախագահի ընտրություններին: Փոփոխությունը հնարավորություն կտա Բաբայանին եւ Սահմանադրության այդ նորմին չհամապատասխանող մյուս քաղաքացիներին առաջադրվել 2020 թվականի գարնանը կայանալիք ընտրություններին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանի հետ` պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվումխորհրդարան ուղարկված փաթեթը:
-Պարո՛ն Ջիվանյան, ի՞նչ փուլում է գտնվում ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը, արդյոք Ձեր հանձնաժողովը նախատեսե՞լ է, թե երբ է սկսելու այն քննարկել:
-Անկեղծ ասած, այս պահին տեղյակ չեմ` փաթեթը հասել է Պետական-իրավական հանձնաժողով, թե ոչ:Եթե ուղարկել են խորհրդարան, ապա այն կտրամադրվի մեր հանձնաժողովի քննարկմանը: Արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ստորագրությունների թիվը 19 հազար մի քանի հարյուր է, բայց արդեն խորհրդարանում պետք է քննարկվի այն հարցը, թե պետք է անցկացվի հանրաքվե, թե ոչ: Ես կարծում եմ, որ առաջին քայլում պետք է պարզել հարցի սահմանադրականությունը: Ես այդպես եմ պատկերացնում, ես այդպես եմ տեսնում խնդիրը:
-Այսինքն` Դուք կարծում եք, որ հարցը պետք է քննարկվի Արցախի Սահմանադրական դատարանո՞ւմ:
-Ես կարծում եմ, որ հարցը պետք է ուղարկել Սահմանադրական դատարան, որիցհետո պարզ կլինի` արդյոք այդ ամենը սահմանադրական է, թե հակասահմանադրական: Ազգային Ժողովն իրավունք ունի հաստատելու կամմերժելու, բայց ես կարծում եմ, որ եթե հարցը սահմանադրական խնդիր ունի, այն պետք է ուղարկել Սահմանադրական դատարան`քննելու, ստուգելու, ու իրենց կայացրած որոշումից կլինի արդեն երկու ելք:
Եթե հարցը հակասահմանադրական է, ապա այդ հարցը փակվում է, իսկ եթե սահմանադրական է, ապա պետք է արդեն որոշել հանրաքվեի հարցը: Ճիշտ պետք է հասկանալ, այս հարցը սահմանադրականության խնդիր ունի, ես կարծում եմ` անհրաժեշտ է լինելու այդ հարցի սահմանադրականությունը պարզել:
-Իսկ որքա՞ն ժամանակ կտեւի, եթե խորհրդարանը որոշում կայացնի հարցի քննությունն ուղարկել ԼՂՀ Սահմանադրական դատարան: Ինչքա՞ն ժամանակ հետո հստակություն կլինի հանրաքվե անցկացնելու կամ չանցկացնելու հարցի վերաբերյալ:
-Եթե չեմ սխալվում, 15-օրյա ժամկետ ունի Սահմանադրական դատարանը այն քննելուու եզրակացություն տալու համար: Բայց եթե խորհրդարանը քննարկի ու վստահ լինի, որ սահմանադրականության խնդիր չկա, ապա այն կարող է միանգամից հանրաքվեի ներկայացվել:
Իսկ քանի որմենք սահմանադրության խնդիր ունենք, ես կարծում եմ, որ ամենաճիշտ որոշումն այն է, որստուգենքսահմանադրականության հարցը: Եթե տեսականորեն ենք նայում հարցին, ապա, ես կարծում եմ, որ այս հարցին վերջնական պատասխան կտրվիմոտ երկու կամ երկուսուկես ամսվա ընթացքում: Կարծում եմ` դեռ երկար ճանապարհ է սպասվում` պարզելու այդ հարցի օրինականությունը:
Հ. Գ. Արցախցի իշխանության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթիհետ մասնավոր զրույցներում նշում են, որայս ժամանակահատվածում բաբայանականները շրջում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե բոլոր գյուղերում` հորդորելով տեղի բնակիչներին առաջիկայում պատրաստ լինել բողոքի ակցիաների, քանի որ հարցի ձգձգումներից հասկանալի է դառնում, որ այն ներկայիս իշխանությունները մերժելու են: Իսկ բաբայանականներն ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն կյանքի կոչվի:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ