2019 թվականի հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Պրահայի մունիցիպալ դատարանը բավարարել է Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են Հայաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանին:
Ըստ հաղորդագրության` հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Նշենք, որ Նարեկ Սարգսյանն անցում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործով: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018-ի հուլիսի 6-ից:
Անցել է տեւական ժամանակ եւ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում նրա հանձման գործընթացը: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին`հանձնման վերաբերյալ դատախազության դիմումը շարունակում է քննարկման փուլում գտնվել, արդյունքներ լինելու դեպքում այդ մասին պատշաճ կերպով կտեղեկացվի: