Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը ապահովված է, բայց բարդության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնատար անձանց մասով «Մարտի 1»-ի գործը քննող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նախորդ տարի 10 հազար 833 դոլարով բնակարան է վաճառել: 2018 թվականի վերջին նրա փոխառության գումարը կազմել է 31 մլն դրամ: Դատավորի դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 1000 եվրո եւ 3000 դոլար: Որպես եկամուտ Աննա Դանիբեկյանը հայտարարագրել է տրված փոխառություններից ստացած տոկոսը` 3 մլն 254 հազար դրամ:

Իսկ սեփական աշխատավարձը ամսական կազմել է 572 հազար դրամ: Աննա Դանիբեկյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է նաեւ, որ ունի 3 բնակարան: Սակայն ապահովված դատավորի համար հիմա այնքան էլ լավ ժամանակներ չեն. իր համար բարդ իրավիճակ է ստեղծվել, քանի որ նա է ստանձնել «Մարտի 1»-ի գործը քննելու պատասխանատվությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ինքը ի սկզբանե չի ցանկացել «Մարտի 1»-ի գործը քննել, բայց դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` եթե Դանիբեկյանը հրաժարվեր այս գործից, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կբարձրացներ իր լիազորությունների կասեցման հարցը: Ուստի այլընտրանք չունենալով` Դանիբեկյանն այժմ քննում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնատար անձանց մասով «Մարտի 1»-ի քրեական գործը:

Ի դեպ, ըստ տարածված լուրերի` դատական համակարգը մտավախություն ունի, որ միգուցե Աննա Դանիբեկյանը չի կարողանա դուրս գալ այս դատական գործի տակից:




Լրահոս