Ծխախոտը, մսամթերքն ու ալկոհոլային խմիչքը թանկացել են. ինչ իրավիճակ է ոչ պարենային ապրանքների շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական տվյալներով` Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 0.6 տոկոս: Բայց այս օգոստոսին հուլիս ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգոստոսին, հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.2 տոկոս գնանկում: Բանջարեղենն ու միրգը էժանացել են համապատասխանաբար 8.7 եւ 2.7 տոկոսով: Բնականաբար, ամռան ամիսներին բանջարեղենը վաճառվում է ցածր գնով:

Օրինակ` կաթնամթերքի, պանրի եւ ձվի շուկայում այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 3.2 տոկոս գնաճ,iսկ այս հուլիսի համեմատ` ե՛ւ կաթնամթերքը, ե՛ւ պանիրը, ե՛ւ ձուն էժանացել են 0.8 տոկոսով: Միայն ձվի գինը օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բարձրացել է 28 տոկոսով, bայց օգոստոսին, հուլիսի համեմատ, նվազել է 2.4 տոկոսով: Համաձայնեք, որ 2.4 տոկոս էժանացումը 28 տոկոս թանկացման դեմ չնչին է: Թեկուզ չնչին, բայց ոչ ալկոհոլային խմիչքի գներն են նվազել`0.1 տոկոսով: Իսկ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի շուկաներում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ: Մսամթերքի շուկայում է թանկացում արձանագրվել: Այս տարվա օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, միսը թանկացել է 1, իսկ այս հուլիսի համեմատ` 0.3 տոկոսով: Ձկան եւ ծովամթերքի շուկայում եւս այս տարվա օգոստոսին թանկացում արձանագրվել`0.3 տոկոսով:

Բացի այս, բարձրացել է նաեւ շաքարի եւ շաքարավազի գինը` 0.1 տոկոսով: Թանկացումից անմասն չի մնացել նաեւ ալկոհոլային խմիչքը` 0.4 տոկոսով, եւ ծխախոտային արտադրատեսակները` 0.8 տոկոսով: Նշենք, որ ծխախոտի թանկացման պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է: Բանն այն է, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցելու նպատակով, այս տարվա հուլիսի 1-ից սկսած, բարձրացել են ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը:

Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք նաեւ, որ ոչ պարենային ապրանքների շուկայում այս օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 2.4 տոկոս գնաճ, իսկ այս հուլիսի համեմատ` գների մակարդակը մնացել է անփոփոխ: Հիմնականում թանկացել է կահույքը, ապակե ամանեղենը, ճաշասպասքը եւ տնային կահ-կարասին: Ոսկերչական զարդերի գները եւս բարձրացել են` 1.3 տոկոսով, գրասենյակային պարագաներինը` 2.4 տոկոսով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս