Ես դեմ չեմ այն լեգիոներներին, ովքեր խաղում են որակյալ ֆուտբոլ. Արմեն Սանամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Սեւան» ֆուտբոլային ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի հետ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ գխավորեցիք «Սեւանը»:

-Ակումբը վերջին շրջանում լավ արդյունքներ չէր գրանցում, ստացա առաջարկ եւ որոշեցի վերադառնալ «Սեւան» եւ ստանձնել գլխավոր մարզչի պաշտոնը: Միանշանակ մենք այս առաջնությունում պայքարելու ենք առաջին հորիզոնականի համար: Միշտ այդպես է եղել` ես որ թիմը գլխավորում եմ, նպատակ եմ դնում միայն ամենաբարձր տեղերը զբաղեցնելու: Այս թիմն էլ ունի ներուժ եւ ի զորու է պայքար մղել չեմպիոնության համար:

-Ինչպիսի՞ վիճակում եք թիմը ստացել նախորդ մարզչից:

-Նույն ֆուտբոլիստներն են, նույն թիմը: Վերջերս երկու ընկերական հանդիպում անցկացրինք, ոչ-ոքի 1-1 հաշվով ավարտեցինք խաղը Բարձրագույն Խմբի թիմերից «Երեւանի» հետ եւ 4:3 հաշվով կարողացանք պարտության մատնել «Վեստ Արմենիային»: Թիմը ընդհանուր առմամբ լավ վիճակում է գտնվում, հիմա աշխատում ենք նրանց ֆիզիկական պատրաստվածության վրա:

-Մի փոքր խոսենք Առաջին խմբից: Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ Առաջին խումբը համալրվել է մի քանի նոր թիմերով: Ի՞նչ կասեք դրա մասին, եւ արդյոք թիմերի շատանալը Առաջին խմբում կարո՞ղ է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:

-Ես այն մարզիչների թվին եմ պատկանում, ովքեր կողմ են թիմերի ավելացմանը: Այդ փաստը միանշանակ կարող է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը:

-Իսկ ի՞նչ կասեք լեգեոներների մասին, արդյոք Առաջին խմբում հարկավո՞ր է սահմանափակում մտցնել:

-Կարծում եմ` այո: Որոշակի սահմանափակում պետք է մտցնել Առաջին խմբում: Կարծում եմ` անհրաժշտ է հնարավորություն տալ իրենց դրսեւորել նաեւ մեր երիտասարդ ֆուտբոլիստներին: Եթե լեգեոներները որակյալ ֆուտբոլ չեն խաղում եւ չեն գերազանցում հայազգի ֆուտբոլիստներին, ապա նրանց կարելի է փոխարինել հայ ֆուտբոլիստներով: Ես դեմ չեմ լեգեոներներին, եթե նրանք լավն են, պարզ օրինակ է Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ – Արմենիան»: Նրանց օտարերկրացի ֆուտբոլիստները շատ ուժեղ են: Առաջին տարում կարողացան հաղթել Բարձրագույն խմբում, իսկ Եվրոպա Լիգայում հասան մինչեւ որակավորման փլեյ-օֆֆ փուլ: Դա մեծ ձեռքբերում է:

-«Սեւանում» պատրաստվում եք թիմի խաղը կառուցել հա՞յ ֆուտբոլիստների շուրջ:

-Մենք աշխատում ենք նաեւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ուղղությամբ եւ շատ ենք ցանկանում, որ հետագայում թիմը համալրվի սեւանցիներով: Այո, կցանկանամ խաղը կառուցել հայ ֆուտբոլիստների շուրջ:

-Ե՞րբ է «Սեւանը» տնային հանդիպումները անցկացնելու Սեւանում:

-Մենք հենց մրցաշրջանի մեկնարկից պետք է մեր տնային խաղերը անցկացնեինք Սեւանում, սակայն գործընթացը ձգձգվեց: Հնարավոր է` արդեն այս ամսվա վերջ մարզադաշտը պատրաստ լինի:

-Վերջին ընկերական խաղերում Ձեր թիմը կարողացավ նախ ոչ-ոքի ` 1:1 հաշվով խաղն ավարտել Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Երեւանի» հետ, ապա եղավ հաղթանակ` 4:3 հաշվով, «Վեստ Արմենիայի» դեմ խաղում: Այս հաղթանակները նոր ուժ տվե՞լ են թիմին եւ օգնե՞լ են հոգեբանորեն:

-Միանշանակ: Այս երկու հաղթանակները մեծ ազդեցություն են ունեցել թիմի վրա: Տղաներն իրենց ավելի վստահ են զգում, թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում: Առջեւում «Փյունիկ 2»-ի դեմ խաղն է, եւ հուսով եմ, որ այս հաղթանակները ազդեցություն կունենան նաեւ այդ խաղի ելքի վրա:

Հավելենք, որ մրցաշրջանի մեկնարկում թիմը գլխավորում էր Վիտալի Կուլիբաբան, ով հեռացավ թիմից բավարար արդյունքներ չգրանցելու պատճառով:

Հավելենք, որ «Սեւանը» վաստակած 10-ը միավորով այժմ զբաղեցնում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը:

Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս