«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է: Նա անդրադարձել է իր կյանքի դժվարին փուլերին, նշել, որ միշտ «լողում է» հոսանքին հակառակ: Բեմադրիչը ճակատագրից դժգոհելու առիթ չունի, սակայն սպասում է անակնկալներ:
-Պարո՛ն Ստեփանյան, Ձեզ ավելի դժվար է հանել տաք անկողնո՞ւց, թե՞ կտրել մեկ բաժակ թեյից ու լավ ֆիլմից:
-Միանշանակ անկողնուց:
-Հանուն ճշմարտության կգնա՞ք մինչեւ վերջ:
-Այո:
-Ո՞ր երեւույթներն են Ձեզ թեւաթափ անում:
-Իհարկե անադարությունը, բայց դա նաեւ ստիմուլ է՝ պայքարելու այդ երեւույթի դեմ: Երեւի ավելի շատ ինձ թեւաթափ է անում այն գիտակցությունը, որ ես անզոր եմ որեւէ բան փոխել:
-Սիրում եք աշխատել միայնա՞կ, թե՞ թիմով:
-Իմ գործը՝ բեմադրելը, ենթադրում է թիմային աշխատանք: Դա ավելի հետաքրքիր է:
-Ձեզ սարսափեցնում է ծերանալո՞ւ, թե՞ մահվան միտքը:
-Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Երկուսն էլ կյանքի բնական ընթացք են:
-Մի բան, որ մտադրվել եք այս տարի անպայման անել:
-Ինչ ասեմ, ծրագրեր շատ կան, բայց քանի որ փաստացի գործի մեջ չեմ, դժվարանում եմ նշել. չկա մի բան, որ եթե չանեմ, վերջ…
-Երազում եք, որ…
-Ես ռեալիստ մարդ եմ, երազանքները մնացին պատանեկության տարիներում: Երազելն ու հիասթափվելն իմը չեն:
-Անակնկալի եկաք, երբ իմացաք, որ…
-Անակնկալի չեմ գալիս, քանի որ ապրում եմ այնպիսի իրականության մեջ, որտեղ անակնկալների պակաս չկա:
-Հաճա՞խ եք լողում հոսանքին հակառակ:
-Ես միշտ եմ հոսանքին հակառակ գնում: Երբեք ստանդարտներին չեմ ենթարկվել: Միշտ անում եմ այն, ինչ ես եմ մտածում: Ես խնդիր չունեմ լինել բոլորի պես:
-Կյանքն անիմաստ կլիներ առանց…
-Կնոջ, ընտանիքի, երեխաների, հիմա արդեն` թոռների: Բացի այդ, ստեղծագործող մարդու համար շատ կարեւոր է ունենալ ստեղծագործելու պատճառ: Բայց, իհարկե, առաջին տեղում ընտանիքն է:
-Կյանքի ամենադժվար փուլն ինչի՞ հետ է կապված:
-Չեմ կարող վստահ լինել` դժվարին փուլերն անցյալում են եւ ավելի դժվարները չեն լինելու: Շատ դժվար էր առաջին տարիներին Բեյրութում (1994-2003թթ աշխատել է Լիբանանում-հեղ.): Երեւանից իմ չակերտավոր բարեկամները լուր էին ուղարկել, որ ես բեմադրիչ չեմ, դերասան չեմ, չեմ ավարտել Թատերական ինստիտուտը եւ այլն: Մինչեւ դիպլոմս չուղարկեցին, հարցը չլուծվեց: Շատ դժվար էր, երբ մահացավ մայրս…Դժվար էր գիտակցել, որ նա այլեւս չկա: Ես միշտ ապրել եմ նրա հետ նույն տանը: Մի խոսքով, ամեն մարդ էլ ունենում է այսպիսի բարդ փուլեր…
-Ձեր մասին լսած ամենազարմանալի բամբասանքը:
-Ասում էին, թե, իբր, Ռուսաստանում կին եւ երեխա ունեմ, կինս գալու է Հայաստան…Ես ունեմ, ահա, այսպիսի «հարուստ» կենսագրություն, որը հիմնված է բամբասանքների վրա: Բայց ես երբեք չեմ հերքել, միայն ծիծաղել եմ, երբեմն էլ ասել եմ. «Հա, բա ոնց, մեկը չունեմ, վեցն ունեմ…»:
-Ավելի հազվադեպ այցելում եք օպերա՞, բալե՞տ, թե՞ ասմունքի երեկոներ:
-Ասմունքի երեկոներ չեմ հաճախում կամ շատ հազվադեպ, իսկ օպերա եւ բալետ սիրում եմ:
-Գո՞հ եք ճակատագրից:
-Ընդհանրապես ստեղծագործող մարդն անկուշտ է: Չկա մեկը, որ կասի. «Այս դերն էլ խաղամ, վերջ, բավական է»: Նույնը՝ որպես բեմադրիչ. մի ներկայացում անում ես, հաջորդի մասին ես մտածում…Այնպես որ, ես դժգոհելու իրավունք չունեմ, բայց ճակատագրից սպասում եմ անակնկալներ:
-Սիրու՞մ եք միայնակ լինել:
-Ես սիրում եմ լինել մենակ, երբ դա ինձ պետք է, բայց, առհասարակ, չեմ սիրում մենակությունը. այդպիսի խոսք կա՝ «Մենակ մարդը դռան շուն է…»:
-Ափսոսում եք, որ…
-Որ ոչ մի բանի համար չեմ կարողանում ափսոսալ: Եթե արել եմ, ուրեմն տեր եմ: Ափսոսամ, թե ոչ, միեւնույնն է, արել եմ:
-Եվ վերջում՝ հույս ունեք, որ…
-Շատ մեծ հույս ունեմ, որ ազգովի ոտքի կելնենք, մեր երկիրը վերջապես կձերբազատվի ցնցումներից, սեւ եւ սպիտակ գույներից: Հույս ունեմ, որ յուրաքանչյուրը վերջապես կգիտակցի, որ ամենաբարձր նպատակը երկրի բարեկեցությունն է, ոչ թե այս կուսակցության կամ այն անձի պաշտամունքը: Այդ ժամանակ բոլորս կդառնանք մի ազգի ներկայացուցիչներ, ոչ թե համակիրներ, կողմնակիցներ, հակառակորդներ…
Աննա Բաբաջանյան