Տեւական դադարից հետո հեռուստադիտողը դերասանուհի Արմինե Պողոսյանին տեսավ էկրաններին «Դեբեդի գաղտնիքը» սերիալում: Ավելի վաղ Արմինեն մտահոգություն էր հայտնել առ այն, որ ռեժիսորներն ու պրոդյուսերները կարծես իրեն մոռացել են: Տպավորություն կար, որ դերասանուհուն վերջապես վերադարձրին էկրան, սակայն վերջինս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սերիալում նկարահանվել է դեռեւս մեկ տարի առաջ, պարզապես այն ցուցադրվում է հիմա:
Երեք ամսից ավել է՝ ամերիկաբնակ դերասանուհին Երեւանում էր, սակայն այս ընթացքում էկրանային ոչ մի առաջարկ չի ստացել. «Սեպտեմբերի վերջին կրկին կմեկնեմ Միացյալ Նահանգներ: Ափսոս, որ այս ամիսների ընթացքում նախագծերից հրավերներ չեղան: Բայց եթե լինեին հետաքրքիր առաջարկներ, անպայման կընդունեի: Պարզապես տեսակով այնպիսին եմ, որ ինքս այդ հարցով երբեւէ ոչ ոքի չեմ դիմում»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Հայաստան կայցելի արդեն հաջորդ տարվա մայիսին:
Նրա խոսքով՝ չնայած այն բանին, որ չի նկարահանվում, ժողովուրդն իրեն չի մոռանում. «Կերպարներիս վերաբերյալ դրական արձագանքներ լսում եմ առ այսօր, բայց կոլեգաներս, չգիտես ինչու, վերջին շրջանում չեն նկատում ինձ եւ հրավերներ չեն անում»,-շեշտեց դերասանուհին:
Հարցին, թե հարմարվել է արդյոք Միացյալ Նահանգների կենսակերպին, Արմինեն պատասխանեց. «Ամերիկյան կյանքին երբեք չեմ ադապտացվի: Շատ եմ սիրում հայրենիքս, Նահանգներում հնարավոր չէ երկար մնալ… Կոնկրետ ինձ համար այն կարծես ճահիճ լինի… Ես արվեստի մարդ եմ եւ մշտապես պրոցեսի մեջ լինելու կարիք ունեմ»:
Հիշեցնենք, որ Արմինեն Երեւանի Ս. Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում խաղացել է «Տարտյուֆ», «Օսկար», «Ծուղակ», «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը», «Շաբաթը ուրբաթից շուտ եկավ», «Շխոնց Միհրան», «Պատվի համար», «Մերկ թագավորը», «Բլեզ», «Երեք գրոշանոց օպերա», «Հացի խնդիր» եւ այլ ներկայացումներում: Այս տարի նա թատրոնում խաղալու առաջարկ է ստացել, սակայն մերժել է. «Ափսոս, չստացվեց խաղալ թատրոնում, հուսով եմ՝ մյուս ամառ կստացվի: Տա աստված, մյուս տարի, առհասարակ, լավ առաջարկներ ստանամ: Արվեստի մարդն առանց դրանց ապրել չի կարող…»,- եզրափակեց դերասանուհին:
Աննա Բաբաջանյան