ՍԴ-ն հրապարակել է դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումների վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա սեպտեմբերի 4–ին կայացած որոշման վերաբերյալ ՍԴ դատավորներ Արմեն Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի ներկայացրած հատուկ կարծիքները։

Մասնավորապես Սահմանադրական դատարանի դատավոր Արմեն Դիլանյանը կարծիք է հայտնել, որ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը ենթակա է եղել կարճման, քանի որ վիճարկվող՝ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել և իրավական հետևանքներ չի առաջացրել։ Դիլանյանի կարծիքով՝ առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը , իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով չի խաթարվել օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական իրագործումը։

ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանն էլ կարծիք է արտահայտել, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով օրենսդրական ենթադրյալ բաց գոյություն չուներ։ Ըստ Թոխյանի՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, քանի որ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ Թոխյանը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ Բարձր դատարանն այս գործով կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն՝ բարդ և հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված։




Լրահոս