«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներսում հրահանգ կա, որ առաջիկա ժամանակահատվածում որեւէ մեկն այլեւս չխոսի Ամուլսարի հանքի շահագործման հարցի վերաբերյալ: Անգամ «սաստել» են» այն իշխանական պատգամավորներին, որոնք մշտապես բարձրաձայնել են, որ իրենք դեմ են Ամուլսարի շահագործմանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենք իրավական հիմքեր չունեն թույլ չտալու շահագործել հանքը, լռեցրել է այն մարդկանց, ովքեր մշտապես հայտարարել են, որ իրենք ամեն կերպ պայքարելու են հանքի չշահագործման համար:
Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց. «Իրավական հիմքեր չկան «Լիդիան Արմենիային» արգելելու, որ շահագործի Ամուլսարի հանքը: Միեւնույն ժամանակ, մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները։ Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող հաշվի չնստել նաեւ ՀՀ տնտեսական հանրության անհանգստությունների հետ։
Վերջերս «Մուդիս» ընկերությունը բարձրացրել է ՀՀ վարկանիշը։ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակում մենք ունենք որոշակի ազդակներ, որոնք վկայում են՝ եթե մենք այս իրավիճակը ճիշտ չկառավարենք, ապա դա կարող է հանգեցնել Հայաստանի վարկանիշի վատթարացմանը, ինչի հետեւանքները մենք բոլորս կարող ենք զգալ մեր կողմից ստացվող վարկերի, այսինքն՝ փողի արժեքի համատեքստում»,- նշել էր ՀՀ վարչապետը։
Վարչապետի հայտարարությունից հետո իմքայլականների մի հատվածը սկսեց շարունակել պահել վարչապետի գիծը, իսկ այն հատվածը որը դեմ է մշտապես արտահայտվել հանքի շահագործմանը, սկսեց հայտարարել, թե դեռ կարծիք չի կարող հայտնել, քանի որ ծանոթ չէ հայտարարությանը: Իսկ այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դեմ արտահայտվողները կտրականպես հրաժարվում են հարցի հետ կապված տեսակետ հայտնել:
Խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել` արդյոք շարունակում է պնդել իր տեսակետը. «Որեւէ վստահություն չունեմ, որ հանքի շահագործումն անվտանգ է» (այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր պատգամավորը դեռեւս օգոստոսին): Իշխանական պատգամավորը հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված` այս պահին որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ. «Մեկնաբանություններ որեւէ ձեւով այդ հարցի վերաբերյալ չեմ տալիս»,- հայտարարեց մեր զրուցակիցը:
Ստացվում է, որ երբեմնի սկզբունքային, մտահոգ բնապահպանները դարձել են ձկան նման լուռ։ Մանդատը թա՞նկ է:
Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ