Օրեր առաջ Ազատամարտիկների Դաշինքը հանդես եկավ մի կոչով, ըստ որի առաջարկում էր բոլոր մտահոգ քաղաքացիներին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ, որտեղ ընթանում էր 2008 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ կապված դատական նիստը: Ըստ Դաշինի հայտարարության` պետք է ամեն ինչ անել դատավորի վրա հնարավոր ճնշումները չեզոքացնելու եւ ռեւանշի ցանկացած փորձի դեմ օրինական բոլոր ճանապարհներով պայքարելու հանձնառությունը հաստատելու համար:
Հաղորդագրության մեջ նշվում էր. «2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունների, դրան հաջորդած մարդու իրավունքների մասսայական ու աղաղակող խախտումների, երկրի սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանության բռնազավթումը կազմակերպելու հիմնական պատասխանատուներից մեկի` Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, սեպտեմբերի 12-ին կայանալիք դատավարությանն ընդառաջ, բողոքի գործողություններ են սկսել Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ` փորձելով այդպիսով ճնշում գործադրել հարցը քննող դատավորի վրա: Համոզված լինելով, որ այս ու նման գործողությունները միտված են պարզապես երկրում քաոս առաջացնելու միջոցով նախկինների ռեվանշի փորձերին աջակցելուն, վերահաստատելով հարցը բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում լուծելու վերաբերյալ մեր դիրքորոշումը` Ազատամարտիկների Դաշինքը կոչ է անում իր բոլոր անդամներին ու այս հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ»:
Տարակուսելին այն է, որ նման հայտարարությամբ հանես է գալիս մի դաշինք, որ դեռեւս 2017 թվականի փետրվարին միացավ Սեյրան Օհանյանի, Ռաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի հիմնած դաշինքին: Ու հիմա Ազատամարտիկները որոշել են պայքարել մի մարդու հետ կապված դատավարության դեմ, որին ժամանակին իրենց գործընկերն են համարել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերը այս հարցերի շուրջ զրուցել է «Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ Գագիկ Մելքոնյանի հետ` պարզելու համար, թե ինչու նման կտրուկ փոփոխեցին իրենց դիրքորոշումը` իրենց վաղեմի գործընկեր Սեյրան Օհանյանի հետ կապված:
-Պարո՛ն Մելքոնյան, Ձեր դաշինը կոչ էր արել դուրս գալ փողոց իր բոլոր անդամներին ու այս հարցով մտահոգ բոլոր քաղաքացիներին, հավաքվել Շենգավիթի շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ, որտեղ ընթանում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երեւանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանի հետ կապված դատական նիստը: Ի՞նչն էր Ձեր դաշինքին այդքան մտահոգել:
-Ես չեմ որոշում կամ ես չպետք է ասեմ: Ուրեմն, այսպես ասեմ, գոյություն ունի իրավական մարմին, որոնք հարցաքննել են հազարավոր մարդկանց, որից հետո հարուցել են քրեական գործեր, այնպես չէ, որ մարդուն փողոցից բռնում են ու ասում են` արի՛, քրեական գործ ենք հարուցում: «Ազատամարտիների դաշինքը» որոշում է կայացրել, որպեսզի դատավորների վրա ճնշում չգործադրեն, ուրեմն այս կողմից էլ պետք է մարդիկ մասնակցեն բողոքի ակցիաներին, որպեսզի գնա արդար դատավարություն: Ուղիղ ասած, որ դատավորները չվախենան. սա է եղել կոչի իմաստը, իսկ ես դաշինքի մի անդամ եմ: Իսկ մնացածն արդեն դաշինքն է որոշել, որպեսզի այդկերպ դատավորները կարողանան արդար որոշում կայացնեն:
-Այսինքն` Դուք կո՞ղմ եք, որ Սեյրան Օհանյանը պետք է դատապարտվի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված: Եթե նման տեսակետի է Ձեր դաշինքը, ապա ինչո՞ւ էիք ժամանակին համագործակցում Սեյրան Օհանյանի հետ:
-Դա իրավապահների գործն է, դա քննիչների գործն է, իրենք են որոշում, դատավորը վերջնական որոշում է` էդ մարդը մեղավոր է, թե անմեղ: Շատ դեպքեր կան, որ մարդուն հենց դատարանի դահլիճից ազատ են արձակում: Հիմա դատարանը կորոշի, որ եթե ինքը մեղավորություն չունի, ապա ազատ կարձակի. եթե դատարանը որոշում է, որ ինքը մեղք ունի, ապա մարդը պետք է պատասխան տա: Մենք մտավախություն ունենք, որ դատավորների վրա կարող են ճնշում գործադրել: Այո, Օհանյանը եղել է իմ թիմակիցը, Օհանյանը իմ ընկերն է, ոչ մի բան չի փոխվել, բայց էստեղ չի նշանակում, որ դատավարությանը խանգարում են… Դատավարությանը չպետք է խանգարել, որպեսզի, ասենք, Սեյրան Օհանյանը կարողանա հանգիստ իր արդարությունը ապացուցել: Չպետք է ոչ ոք խանգարի, այնտեղ հավաքվածները պետք է թողնեն գնան իրենց տները, դատավարությունը թող անեն, հանգիստ գնա, որպեսզի դատավորը կարողանա հասկանալ` այդ մարդը մեղավոր է, թե չէ:
-Հիմա այն մարդիկ, ովքեր դատարանում են, ու քննվում է իրենց մեղավորության հարցը, ի՞նչ եք կարծում, իրենք իսկապես մեղավո՞ր են:
-Մեղավորությունը որոշում է միայն դատարանը, կորոշվի` մարդը մեղավոր է, թե ոչ: Ես տեսնում եմ, որ դատավորները ճնշվում են Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցների կողմից:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ