Դատի է տվել ԲԴԽ անդամին. ի՞նչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 28-ին Ժամանակավորապես կասեցվեցին Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Կասեցման պատճառը եղել էր այն, որ Հատուկ քննչական ծառայությունը Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական կեղծիք կատարելու համար եւ դիմել էր ԲԴԽ-ին, որ լիազորություները կասեցվեն, ինչը ԲԴԽ-ն բավարարել էր: Չնայած նրան, որ նախաքննական մարմինը պնդում է, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին կայացրած որոշման հետ, սակայն դեպքերի հաջորդականությունը այլ բան էր վկայում. իշխանությունները որոշեցին պատժել Դավիթ Գրիգորյանին:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանին էր մակագրվել «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրյաներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ այլ պաշտոնատար անձանց քննությունը: Ինչեւէ, մինչ ՀՔԾ-ն քննում է Դավիթ Գրիգորյանի մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Դավիթ Գրիգորյանը դիմել է դատարան` ընդդեմ ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի: Իսկ ի՞նչն է պատճառը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` դատավորը իր հայցում նշել է, որ իր դեմ հարուցված քրեական գործի մասին ԲԴԽ անդամը հարցազրույցներ է տվել եւ այդ հարցազրույցներում խախտել է անմեղության կանխավարկածը:




Լրահոս