#saveմիլիոն ներկայացումն Ամուլսարի հետ կապ ունի՞. Էվա Խաչատրյանը պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա «#saveմիլիոն» ներկայացման պրեմիերան: Մկրտիչ Արզումանյանի, Լեւոն Հարությունյանի հետ կխաղա նաեւ Էվա Խաչատրյանը:

Երբ տարածվեցին ներկայացման վերաբերյալ հայտարարություններն ու պաստառը, սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ այն անմիջական կապ ունի Ամուլսարի թեմայի հետ. ««#saveմիլիոն»-ը Ամուլսարի հետ ոչ մի կապ չունի: Զավեշտալի է, որ նույնիսկ ներկայացման ռեժիսորին հարցրել էին, թե ինչ կապ ունի այդ միլիոնը Ամուլսարի հարցի հետ: Երեւի մարդկանց տարակուսանքի մեջ է գցել «#save» բառը, որն այս օրերին բավական կիրառվում է»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց Էվան:

Նա նշեց, որ ներկայացումը դեռեւս վերջնական տեսքի չի բերվել, միայն կաղապարն է պատրաստ. «Մեր թիմով դարձել ենք շատ հետաքրքիր, ջերմ մի ընտանիք եւ մեր շփումը շարունակում ենք նաեւ փորձերից դուրս: Կարծում եմ՝ եթե մի գործ սիրով է արվում, անպայման դրական լիցքեր կհաղորդի հանդիսատեսին»:

Էվան ստեղծագործական բուռն պրոցեսների մեջ է նաեւ Կամերային թատրոնում, որտեղ արդեն սկսվել է հերթական խաղաշրջանը. «Համատեղում եմ աշխատանքներս, ամեն բան հասցնում եմ եւ ինձ որպես դերասանուհի լիարժեք եմ զգում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, էկրանային կյանքը եւս դերասանուհու համար բավական հետաքրքիր է անցնում: Նա նկարահանվում է «Պատվից առավել 2» հեռուստասերիալում: Էվան անկեղծորեն նշեց, որ հարմար առաջարկի դեպքում սիրով կնկարահանվեր նաեւ որեւէ գեղարվեստական ֆիլմում:

Հիշեցնենք, որ այս տարի հեռուստադիտողները նրան արդեն տեսել են «Սեւ հանքեր» եւ «Ժիրայր Գլենց» ֆիլմերում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս