Վերջերս հաճախ եմ մտածում ընտանիք կազմելու մասին. Գրիգոր Կյոկչյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն է: Նա անդրադարձել է իր կյանքի դժվարին փուլին, իր անձի շուրջ հյուսվող ամենաանհավանական խոսակցություններին: Գրիգորը մի փոքր էլ խոսել է անձնական կյանքի մասին՝ նշելով, որ երբեմն ինքն էլ չի հավատում, որ հնարավոր է անսահման սիրահարված լինել: Երգիչը պատմել է իր բնավորության գծերի մասին՝ խոստովանելով, որ շատ նպատակասլաց է, եւ չկա մի բան, որին ինքը ձգտի, բայց չհասնի:

-Գրիգո՛ր, նշեք կենցաղային մի իր, որից հնարավորության դեպքում հաճույքով կհրաժարվեիք:

-Հիմնականում իրեր հավաքել չեմ սիրում, հետեւաբար եթե ինչ-որ բան նյարդերիս վրա ազդում է, միանգամից դեն եմ նետում, նախընտրում եմ չպահել:

-Ձեզ դժվար է անվանել մոռացկո՞տ, անփո՞ւյթ, թե՞ դաժան:

-Մոռացկոտ կարող եմ լինել, չնայած ուշադիր եմ տեսակով, դաժան էլ կարող եմ լինել, բայց այնփույթ չեմ:

-Կա՞ մի բան, որն, ըստ Ձեզ, սահմաններ չունի:

-Զգացմունքները:

-Ո՞ր դեպքում եք երես թեքում մարդուց:

-Պատճառները տարբեր կարող են լինել, բայց ստախոս մարդկանց տանել չեմ կարողանում:

-Հանուն ինչի՞ արժե մի կողմ թողնել սեփական եսը:

-Հանուն ընտանիքի:

-Մարդ, որի կարծիքն առանձնակի կարեւորում եք:

-Մի քանիսն են: Պարզապես հայտնի չեն, այդ անունները Ձեզ ոչինչ չեն ասի:

-Ի՞նչը կամ ովքե՞ր են միանգամից ասոցացվում Ձեր մանկության հետ:

-Իմ բակի ընկերները, ֆուտբոլը: Կյանքն այնպես է դասավորվել, որ նրանց հաճախ չեմ հանդիպում, բայց հանդիպելու դեպքում միանգամից հուզվում եմ` անկախ ինձնից: Իմ բոլոր ջերմ հիշողությունները հենց իրենց հետ են կապված:

-Պատմական ո՞ր կերպարն է միշտ հետաքրքրել Ձեզ:

-Շատ են, երեւի Նապոլեոն Բոնապարտը:

-Ի՞նչը կփրկի աշխարհը:

-Ներողամտությունը, մեծահոգությունը:

-Ձեր մասին լսած ամենազվարճալի բամբասանքը:

-Նախկինում շատ-շատ էին, իսկ վերջերս իմ անունը կապում են թանկարժեք իրերի մի խանութի հետ, քանի որ սեփականատիրոջ եւ իմ ազգանունները համընկնում են: Ոմանց թվում է, թե դա իմ բիզնեսն է, բայց ես ոչ մի կապ չունեմ այդ խանութի հետ:

-Ձեր կյանքի ամենադժվար փուլը ինչի՞ հետ էր կապված:

-Չեմ սիրում այդ մասին խոսել, բայց երեւի թե դեռահասության, անցումային շրջանն էր համեմատաբար բարդ ինձ համար: Ճակատագիրը փոքր-ինչ նեգատիվ էր տրամադրված իմ նկատմամբ, բայց հենց այդ շրջանն ուժեղացրեց ինձ:

-Կարող եք անվերջ նայել լուսնի՞ն, ծովի՞ն, թե՞ Ձեր ինստագրամյան նկարներին:

-Միանշանակ՝ ծովին: Ի դեպ, ավելի շատ սիրում եմ նայել ծովին, քան, օրինակ, թրջվել ծովի ջրերում:

-Երբեմն ինքներդ էլ չեք հավատում, որ…

-Որ կարելի է անսահման սիրահարված լինել:

-Հայտնի դառնալուց հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Տեսակով շատ ռեալիստ եմ, նույնիսկ շատերը զարմանում են իմ այդ հատկությունից, ես էլ եմ երբեմն զարմանում: Միշտ գիտակցել եմ, որ հաջողությունը, փառքը, փողը անցողիկ, ժամանակավոր երեւույթներ են, այնպես որ, ոչինչ չի փոխվել իմ կյանքում: Երեւի թե միայն կյանքի փորձն է ավելացել, եւ ես սկսել եմ խուսափել ժամանցային, մարդաշատ վայրերից:

-Ձեր բնավորության ամենաուժեղ կողմը:

-Շատ նպատակասլաց եմ. իմ ընկերներն են միշտ ասում դա: Տարիների ընթացքում ինքս էլ հասկացա, որ եթե ցանկանում եմ մի բան, անպայման հասնում եմ դրան:

-Վերջերս սկսել եք հաճախ մտածել…

-Ընտանիք կազմելու մասին:

-Ի՞նչը կարող է կտրուկ փոխել Ձեր տրամադրությունը:

-Շատ փոքր բաներից ոգեշնչվում եմ եւ հուսահատվում: Ինձ հարազատ մարդիկ շատ են ասում, որ տեսակով բուռն եմ. չնչին մի բան կարող է ինձ հունից հանել կամ ուրախացնել:

-Ձեր տրամադրության գույնը:

-Բաց կանաչ:

-Ի՞նչ եք անելու հարցազրույցից անմիջապես հետո:

-Տեսնվելու եմ ընկերներիս հետ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս