Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի
մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին: Այն անցկացվում է առաջին անգամ և կարող է դառնալ ամենամյա:
Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են ձկնեղենից պատրաստված զանազան
կերակրատեսակներ, անցկացվել են համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ:
Տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, մշակութային այլ համարներով: Վարչապետը ողջունել է փառատոնի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Սևանի լճին հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը: Վարչապետը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը: «Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է:
Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և նրա շուրջ»,- նկատել է ՀՀ վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարությունն ու Սևանա լճի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է վարչապետը:
Խոսելով Սևանա լճի մասին՝ կառավարության ղեկավարը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:
Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բոլորին՝ գալ և մասնակցել Eco fish fest փառատոնին, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 14-ի 20:00-ն և եզրափակվելու է Սևանա լճի տարածքից կազմակերպվող հրավառությամբ:
Մինչ փառատոնի մեկնարկը՝ սեպտեմբերի 14-ին Սևանա լճի ափամերձ տարածքներում իրականացվել են մաքրման աշխատանքներ: