ԱՄՆ֊ը Իրանին մեղադրում է Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա դրոնային հարձակման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա անօդաչու սարքերով իրականացված հարձակումները գրեթե կիսով չափ կաթվածահար են արել այդ երկրում նավթի արդյունահանումը: Միացյալ Նահանգների պետքարտուղարը կատարվածի համար մեղադրել է Իրանին, պնդելով, թե «Թեհրանը աննախադեպ հարձակումներ է սկսել էներգակիրների միջազգային մատակարարումների վրա»:

Ամերիկյան Կոնգրեսի ազդեցիկ հանրապետականներից մեկը՝ սենատոր Լինդսի Գրահամը, պնդել է. ֊ «Ժամանակն է դիտարկել Իրանի նավթի վերամշակող օբյեկտների վրա հարձակման հնարավորությունը, եթե Թեհրանը շարունակի իր սադրանքներն ու միջուկային փորձարկումները»:

Թեհրանը հերքել է մեղադրանքները։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ անհիմն պնդումները ընդամենը նպատակ ունեն արդարացնել Իրանի նկատմամբ հետագա գործողությունները»:

Երեկ անօդաչու սարքերով իրականացված հարձակումների պատասխանատվությունը ստանձնել էին Յեմենի հութի զինյալները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը: Հարձակումներից հետո սկսված հրդեհների պատճառով Սաուդյան Արաբիան կրճատել էր նավթի արդյունահանումը 5,7 միլիոն բարելով, ինչը Թագավորությունում օրական արտադրվող կապույտ վառելիքի մոտ հիսուն տոկոսն է կազմում: Փորձագետները չեն բացառում, որ սա կարող է միջազգային շուկաներում նավթի գների բարձրացման պատճառ դառնալ:




Լրահոս