ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է , որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում ամուսինը խմած դանակով հարվածել է իրեն և ինքը արնաքամ է լինում:
Ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 31-ամյա բնակչուհի՝ «կրծքավանդակի վերին աջ մասի կտրած-ծակած վերք» միջին ծանրության վնասվածքով, և 44-ամյա տղամարդ՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, առաջային պերիկարդիալ ճարպաբջջային վնասում, հեմոթորաքս ձախից, որովայնի առաջային պատի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մեծ ճարպոնի արտանկումով» ծանր վնասվածքներով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 1-ին մասով: Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել է տուժող:
Նախնական տվյալներով՝ վերջիններս մարմնական վնասվածքները ստացել են Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ Երևան քաղաքի 30 ամյա բնակչի կողմից: Վերջինս ձերբակալվել :
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի զննություն, որի ժամանակ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք:
Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: