Իշխանությունները սեղմել են ժամանակի սխեման. Հրայր Թովմասյանի հրաժարականին սպասելիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի ամբիոնից, որն, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, անակնկալ է եղել անգամ «Իմ քայլ»-ի համար: Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունները որոշել են ԱԺ նախագահի շուրթերով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հորդորել հրաժեշտ տալ իր աթոռին ու հեռանալ:

Եւ այսպես, Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իրենք մտահոգված են Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի համար. «Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը դիմումներ ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով` հաշվի առնելով այն կարեւոր հանգամանքը, որհուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 եւ ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներով Սահմանադրական դատարանն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առայսօր չի տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը»,-հայտարարեց ԱԺ խոսնակը:

Իսկ վերջում էլ Միրզոյանը հույս հայտնեց, թե Ազգային ժողովը` որպես ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների եւ իրավիճակի կապակցությամբ:

Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունները արդեն մի քանի օր անընդմեջ քննարկում են, թե ինչ քայլերով ստիպեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրաժարական ներկայացնել: Ու եկել են այն եզրակացության, որ իշխանությունները մինչեւ այս ուղիղ դրա մասին չեն բարձրաձայնել եւ հիմա որոշել են հանդես գալ բաց հայտարարությամբ,ու դա անել մի քաղաքական ամբիոնից, որին ընտրել է անմիջապես ժողովուրդը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արարատ Միրզոյանի հայտարարաության հեղինակումն ու կետերի շեշտադրությունը վերապահվել է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Ըստ նույն տեղեկությունների` իշխանությունները որոշել են այս հայտարարությամբ ժամանակ տալ Հրայր Թովմասյանին` սպասելով նրա առաջիկա հրաժարականին: Իսկ եթե Թովմասյանը շարունակի նույն կերպ իրեն դրսեւորել, արդեն ճնշումների անցնեն: Այսինքն` առաջիկայում իշխանության ներկայացուցիչները պետք է ամենօրյա ռեժիմով հայտարարեն, որ Հրայր Թովմասյանն այս իշխանությունների ներկայացուցիչը չէ ու պետք է հեռանա:

Երեկ«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ:

-Պարո՛ն Ուլիխանյան,լինելով խորհրդարանի իշխող խմբակցության ներկայացուցիչ` ի՞նչ հասկացաք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունից, երբ վերջինս ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իշխանությունները մտահոգված են ՍԴ-ի կայացրած որոշումներից: Ի՞նչն է Ձեզ այդքան մտահոգել, ու ինչո՞ւ ՍԴ-ի որոշումներին որոշեց խառնվել Արարատ Միրզոյանը:

-Ինչո՞ւ հիմա. ես կարծում եմ, որ սրանով մենք պետք է նախանշենք, որ ժամանակ էր տրվել տարբեր, որոշակի անկախություն ունեցող պաշտոնյաններին` մտածելու համար իրենց վարքագծի հետ կապված, իրենց հետագայի համար, արժեւորելու թավշյա հեղափոխությունը եւ համապատասխան քայլեր կատարելու: Այդ ժամանակը, կխուսափեմ ասել, սպառված է, կգերադասեմ ասել` մոտենում է ավարտին, ու ժամանակն է հասկանալու, որ տեղի է ունեցել անշրջելի փոփոխություններ, վերադարձ անցյալին չի լինելու:

-Կարելի է ենթադրել, որ ԱԺ նախագահի այս հայտարարությունը հիմքն էր այն բանի, որպետք է առաջիկայում ՍԴ նախագահը հրաժարական ներկայացնի:

-Ես կարծում եմ, որ սա պետք է դիտարկել որպես լրացուցիչ հիշեցում, որ ՀՀ ժողովուրդը ընտրությունների միջոցով ինչ-որ բան տեղեկացրել է նաեւ Հրայր Թովմասյանին, որը գուցե այլ գործերով զբաղված լինելով` բաց է թողել ժողովրդի ուղերձը: Ես ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ-ում տեղի չեն ունեցել ստանդարտ ընտրություններ: Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջոցով ՀՀ ժողովուրդը, Հրայր Թովմասյան նախկին քաղաքական գործիչ, խորհրդարանական ՀՀԿ մեծամասնության անդամ, նախարար, ամբողջապես ՀՀԿ-ի հետ կապված մարդուն, իր թիմին ոչ մի մանդատ չտալով, ուղղակի արգելել է ՀՀ-ումորոշումներ կայացնել: Հենց այդ օրը ժողովուրդն իր ընտրությամբ Հրայր Թովմասյանին ասել է` անմիջապես դադարեցրո՛ւ քո գործունեությունը, Հրայր Թովմասյա՛ն, դադարեցրո՛ւ թղթեր ստորագրելը, Հրայր Թովմասյա՛ն, հանկարծ որոշումներ չկայացնես:

-Բայց սա նշանակում է, որ իշխանությունը կրկին ճնշում է գործադրում դատական իշխանության վրա, որի իրավունքը չունի…

-Ճնշումը ընկալման հարց է: Ես էլ հարցնում եմ, իսկ ո՞վ է դրանից ճնշվել. եթե ինչ-որ մեկը ճնշվել է, ապա կարող եմ ասել, որ դա եղել է ժողովրդի կողմից լեգիտիմ ընտրված ներկայացուցիչը, եւոր ամենակարեւորն է, առաջնային մանդատ ունեցող միակ պետական հիմնարկը: Սրանով ամեն ինչ ասված է, ճնշում բառը պետք չէ ֆետիշացնել, ԱԺ-ն իր լծակները կարող է օգտագործել ՀՀ-ում ժողովրդի կամքի գերակայությունը ապահովելու համար:

-Արարատ Միրզոյանն իր ելույթում հարց բարձրացրեց, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն առնչվող հարցով դիմել Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվության համար: Ինչո՞ւ է այդ հարցը իշխանությունների համար տարակուսանք առաջացրել, նման ձեւաչափը ընդունելի է, ի՞նչն էր Ձեզ համար տարօրինակը:

-Ես չեմ ուսումնասիրել. ես արդեն նշեցի, թե որ հարցերն են օդում մնացել: Ես ասեցի` սա գուցե մի հիշեցում է, որը հնչել է ԱԺ ամբիոնից, հորդորում եմ պարոն Հրայր Թովմասյանին հետ նայել ու հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս