ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատերազմի գլխավոր պատասխանատուին կկանչեն քննիչ հանձնաժողով. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե՞ անակնկալ հարձակում է եղել, եւ միանգամից անցել են պաշտպանության: Այս կոնկրետ հարցմանը 2016թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները պատասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե` առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրված անձինք որեւէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել: Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովը արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, եւ մինչեւ օրս ՊՆ ներկա եւ նախկին պաշտոնատար անձանցից որեւէ մեկին չեն կանչել հանձնաժողով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն պատերազմի այդ օրերի գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին: Հանձնաժողով հրավիրված յուրաքանչյուր անձի համար կոնկրետ հարցաշար է կազմվում: Այդ հարցաշարերով են առաջնորդվում նաեւ նիստին հրավիրված ՊՆ աշխատակիցների եւ Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների դեպքում:

ՊՆ-ում, ի դեպ, արդեն լուրեր կան, որ Քննիչ հանձնաժողովում հնարավոր բացահայտումների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ, ըստ մեր աղբյուրների, այս հանձնաժողովի նիստերը, դրանց հնարավոր հետեւանքները լուրջ մտահոգություններ են առաջացրել ՊՆ-ում, շատ պաշտոնատարների շրջանակում:

Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքների նախապատրաստական հատվածը, պատրաստվում են քննության փուլին: Ըստ նրա` փաստաթղթերում եղել են նորություններ ու նոր հանգամանքներ: Ա. Քոչարյանի խոսքով` հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու անվտանգության համակարգի առողջացմանը:

Քնար Մանուկյան




Լրահոս