Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եվրամիության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
Դեսպանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է վերադառնալ Երևան՝ ծառայելու որպես ԵՄ դեսպան. Անդրեա Վիկտորինը 2007-2009թթ. զբաղեցրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի պաշտոնը:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ շնորհակալություն հայտնել ԵՄ-ին այն հիմնարար աջակցության համար, որը ցուցաբերվում է Հայաստանին: «Այդ աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում»,- նշել է նախագահը։
Անդրեա Վիկտորինն իր խոսքում ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին բարեփոխումների գործընթացում: «Շատ ուրախ ենք, որ ունենք համաձայնագիր, ունենք հիմք և ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն է տալիս աշխատել այդ ամենն ավելի արագ կյանքի կոչելու ուղղությամբ»,-ասել է նա: Դեսպանը նշել է, որ ունի բազմաթիվ գաղափարներ, որոնք մտադիր է իրագործել իր պաշտոնավարման ընթացքում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ: Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է համապարփակ և ընդլայնված համագործակցությունը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ: