Նախկին գյուղապետին դատում են․ ինչո՞ւմ է նա մեղադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան, սեպտեմբերի 23-ին այդ գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատական նիստ է նշանակված: Կ. Ղալթախչյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին հանդիսանալով Աչաջուր համայնքի ղեկավարը` 2013-2015թվականերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ից ստացված եւ Աչաջուր համայնքի բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակիցների կողմից հավաքագրված եւ իր վստահությանը հանձնված գումարի մի մասը` 5 միլիոն 939 հազար դրամ գումարը, յուրացրել է:

Ըստ մեղադրանքի` նա, այնուհետեւ նպատակ ունենալով թաքցնել իր կողմից գումարը յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլ Վարդումյանին 2017թ. հոկտեմբերի 3-ին դրդել է համայնքապետարանի աշխատակիցներից մեկի կողմից կազմված, 2012-2016թվականներին Աչաջուր համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքի վերաբերյալ շահառուների անվամբ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկանքը ստորագրել եւ կնքելուն, որից հետո արդեն իսկ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանքը ուղարկելու միջոցով Տավուշի մարզպետին հանձնելուն:

Կամո Ղալթախչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(«Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով» ) եւ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքին հանցակցությունը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Կ. Ղալթախչյանի շահերը պաշտպանում է իջեւանցի փաստաբան,հանրային պաշտպան Արմեն Ադամյանը: Կ. Ղալթաչյանը Աչաջուր համայնքը ղեկավարել է 2013-2015թվականներին: Նա առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, մեղադրանքը համարում է կեղծ եւ հնարովի: Նա դժգոհում է, որ քրեական գործի նախաքննությունը տեւեց մի քանի տարի, որի պատճառով ինքը չի կարողացել Հայաստանից հեռանալ, մեկնել Մոսկվա, այնտեղ զբաղվել գործարարությամբ, պահել իր ընտանիքը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս