ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական տհաճ ակնարկ. գազի գինը կթանկանա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի իշխանությունները, հնարավոր է, առաջիկայում տհաճ անակնկալներ մատուցեն հայկական կողմին: Բանն այն է`այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուսական կողմը մտադիր է գազի գինը բարձրացնել, այս անգամ արդեն ՀՀ բնակչության համար:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում ռուսական կողմը Հայաստանի իշխանություններին ակնարկում է գազի գնի 30 տոկոս բարձրացման մասին: Եւ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, այնուամենայնիվ, այցելի Հայաստան, ապա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է գազի գնի բարձրացման շուրջ բանակցություններ վարել անմիջապես նրա հետ: Բայց, մյուս կողմից, հայկական կողմը հույս ունի, որ կկարողանա բանակցությունների շնորհիվ հասնել 30 տոկոսի փոփոխությանը: Բայց, ըստ մասնագետների, գազի գնի բարձրացումը ՀՀ բնակչության համար անխուսափելի է:

Տեղեկացնենք, որ այս տարվա հունվարի 1-ից գազը սահմանին դարձել է 165 դոլար հազար խորանարդ մետրի համար` թանկանալով մոտ 10 տոկոսով` 2018 թվականի գնի համեմատ: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բարձրացումն ուղղակիորեն չի ազդի սովորական սպառողների վրա, եւ նրանք կշարունակեն մուծել այնպես, ինչպես 2018 թվականին:

Այդպես էլ եղավ: Բայց արդյոք գազի ներկայիս գինը հնարավոր կլինի՞ պահպանել մինչեւ տարեվերջ, թե՞ այն կբարձրանա, եւ մենք 2020 թվականին կկանգնենք նոր խնդրի առաջ:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց համապատասխան գերատեսչություններ եւ փորձեց հստակեցնել`արդյոք գազի գինը 30 տոկոսով կբարձրանա, թե ոչ: Նախ` նշենք, որ բոլոր պատկան մարմիններից եւ պաշտոնյաներից ստացել ենք գրեթե նույն պատասխանը:

Այսպես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից մեզ փոխանցեցին, որ այս պահի դրությամբ, քանի դեռ բանակցություններն ավարտված չեն, որեւէ թվի մասին խոսել չեն կարող. «Այս հարցի շուրջ նոր մեկնաբանություն, նոր ասելիք չկա»: Գրեթե նույն պատասխանը ստացանք նաեւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից, ով գազի գնի հարցով ռուսական կողմի հետ հիմնական բանակցողն է համարվում: «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Նման բան չկա: Ընդհանրապես նման բան չի խոսվել: Բանակցություններն ընթանում են, այս պահին ասելիք չկա»:

Իսկ, ահա, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից շտապեցին հայտարարել, որ իրենք նման տեղեկության չեն տիրապետում. «Բանակցություններում գազի գնի բարձրացման վերաբերյալ նման տեսակետներ չեն հնչել: Բանակցություններն ընթանում են, եւ նման թվեր չեն հնչեցվել»:

Դիմեցինք նաեւ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին: Դարձյալ հուսադրող պատասխան չստացանք: Մեր հարցին ի պատասխան`Կարապետյանն ասաց. «Գազի գնի հարցը միշտ էլ քննարկում ենք, բայց տոկոսի մասին հարց չկա: Արդյունքը պարզ կլինի բանակցություններից հետո»: Համաձայնեք, որ հայկական կողմի այսչափ խուսափողական ու չեզոք պատասխանները մտահոգվելու առիթ են տալիս:

Այն, որ գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա, այդ կարծիքին է նաեւ Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը: Մասնագետը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով գազի գնի բարձրացման թեմային, ասաց. «Ինչ վերաբերում է հնարավոր բարձրացմանը, ապա դրա հավանականությունը կա: Ասել, որ դա հնարավոր չէ, սխալ կլինի: Ուղղակի ես չգիտեմ`որքանով են մեր այսօրվա իշխանություններն ի վիճակի հասկանալ, թե այդ հարցը ինչպես լուծեն: Այդ հարցը իսկապես շատ կարեւոր է տնտեսության համար:

Խնդիրը ոչ թե հնարավոր բարձրացման մասին է, այլ պաշտոնական Մոսկվայի հետ գազի գնի շուրջ երկխոսության ձեւավորումն է, այսպես ասած, էներգետիկ գրագետ դիվանագիտության կազմումն է, որովհետեւ դա շատ կարեւոր հարց է: Ես գոնե անցած տարի իրենց հետ շփումների մեջ էի, գազի գնի ձեւավորման թեման կար նոյեմբերին, եւ իմ մոտ տպավորություն էր, որ իրենք շատ վատ են պատկերացնում թեման եւ չեն պատկերացնում, թե ինչպես է ձեւավորվում գազի գինը, եւ թե ինչպես կարելի է բանակցել պաշտոնական Մոսկվայի հետ:

Այսինքն` մասնագիտական իրենց թույլ պատրաստվածությունը եւ թեմայից շատ հեռու լինելը հանգեցրեց նրան, որ գազի գինը հունվարին սահմանին բարձրացավ: Իսկ իրենք համոզում էին, որ հունվարից գազի գինը կիջնի: Հիմա ես տեղյակ չեմ, թե ինչպես են իրենք պատկերացնում այդ բանակցային գործընթացը»:

Նրա խոսքով` գազի գինը քաղաքական է ու ոչ միայն Հայաստանի համար, այլ ամբողջ աշխարհում է այդպես: «Այդ գինն ինչ-որ արժեք ունի, այլ հարց է` իրենք ի վիճակի են այդ արժեքը վճարել, հասկանում են այս խնդիրը եւ ինչպես են պատրաստվում տալ այդ հարցի լուծումը»,- նկատեց փորձագետը:

Մեզ մնում է արձանագրել, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս