«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը արձակագիր, դրամատուրգ Էդգար Կոստանդյանն է: Նա անդրադարձել է հայաստանյան ներքին քաղաքական կյանքին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարին, գրական ոլորտի խնդիրներին եւ այլ թեմաների:
-Էդգա՛ր, թավշյա հեղափոխությունից անցել է շուրջ մեկուկես տարի: Ի՞նչ տպավորություններ ունես ներկայիս իշխանության գործելաոճից: Ըստ Ձեզ՝ նրանք արդարացնու՞մ են ժողովրդի սպասելիքները:
-Ներկայիս իշխանության կազմում կան տղերք, որոնք ուժեղ աշխատողներ են, չենք կարող դա չասել, բայց կան նաեւ անհաջող կերպարներ: Կոնկրետ գրական ոլորտում ես որեւէ փոփոխություն չեմ նկատում: Անձամբ ես պետության հետ որեւէ համագործակցություն չեմ ունեցել, ուստի չգիտեմ՝ ինչ է փոխվել, ինչ՝ ոչ: Ո՛չ նախորդ, ո՛չ ներկայիս իշխանությունների օրոք երբեք պետական ֆինանսավորմամբ գիրք չեմ տպել:
-Ամռանը ընթերցողներին հանձնեցիք «Միլոշ» վեպը, դրանից հետո որեւէ նոր գործի վրա աշխատու՞մ եք: Թատրոնների համար նոր գործեր չունե՞ք:
-Այո, նոր գործ եմ ուզում սկսել, ամեն ինչ թողնել եւ մի քանի ամիս շարունակ կոնկրետ դրանով զբաղվել:Իսկ թատրոնների համար վաղուց ոչինչ չեմ գրում: Ի դեպ, պետական թատրոնների համար երբեք էլ չեմ գրել, իսկ կոմերցիոն թատրոնի համար հիմա մի բան մոտս ուրվագծվում է: Նախնական առաջարկ եմ ստացել, համաձայնել եմ:
-Երեւանում այսօր գրական միջավայր, այսպես ասած, ժամանակակից «Վերնատուն» կա՞, որտեղ կհավաքվեն գրողները, քննարկումներ կանցկացնեն, բացի գրական թեմաներից, կանդրադառնան նաեւ երկրի համար կարեւոր թեմաների:
-Ես չգիտեմ՝ նման միջավայր ունենք, թե ոչ: Չեմ ասում, թե լավ գրողներ չունենք, բայց ես իրենց հետ առանձնակի սերտ շփումներ չունեմ: Նման միջավայր ես հաճույքով ստեղծում եմ բժիշկ, գիտնական ընկերներիս, այն մարդկանց հետ, որոնք սիրում են ընթերցել: Իսկ մեր գրողներից շատերը այսօր կարդալ չեն սիրում, միայն գրում են.ի՞նչ քննարկես նրանց հետ:
-Միայն գրելով՝ այսօր Հայաստանում հնարավո՞ր է այնքան վաստակեl, որպեսզի ապրես բարեկեցիկ կյանքով:
-Ես կարողանում եմ: Ի դեպ, թատերական գործեր գրելուց հրաժարվեցի հենց այդ պատճառով.հասկացա, որ առանց դրանց էլ կարող եմ նորմալ վաստակել:Իհարկե, միայն տեղի շուկայով չես կարող սահմանափակվել: «Միլոշը», օրինակ, նախ տպվեց Չեխիայում, հետո՝ Հայաստանում: Բայց միայն իմ օրինակի վրա հիմնվելով` չեմ կարող ասել, թե ոլորտում իրավիճակը լավ է: Հրաշալի դեմքեր կան, որոնք չեն կարողանում 100 օրինակ գիրք վաճառել:
-Էդգա՛ր, Նիկոլ Փաշինյանի կերպարը Ձեզ՝ որպես գրողի, հետաքրքրու՞մ է:
-Պետության ցանկացած ղեկավարի կերպար ինձ հետաքրքրում է, բայց սուտ կլինի, եթե ասեմ, որ ուզում եմ գրել մի գործ եւ այդպիսի կերպար ստեղծել:
-Փաշինյանի վեպը՝ «Երկրի հակառակ կողմը», նրա բանաստեղծությունները ընթերցե՞լ եք, հավանու՞մ եք:
-Բանաստեղծությունները չեմ կարդացել, բայց վեպը ընթերցել եմ ու հավանել դեռեւս տարիներ առաջ, երբ այն հատվածաբար տպագրվում էր թերթում:
-Եվ վերջին հարցը՝ ըստ Ձեզ՝ այս իշխանությունը երկար կյանք կունենա՞:
-Ես, անկեղծ ասած, ուզում եմ, որ այս իշխանությունը երկար կյանք ունենա: Բայց ինձ ճիշտ հասկացեք, ոչ թե կոնկրետ այս իշխանությանն եմ ուզում, այլ չեմ ուզում, որ որեւէ իշխանություն տապալվի՝ կլինի Փաշինյանի, թե Պողոսի թիմը: Չեմ ուզում, որ երկիրը ցնցումների ենթարկվի. դրանից միայն ժողովուրդն է տուժելու: Եթե միայն իշխանավորները տուժեին, ինձ համար միեւնույն կլիներ: Ուզում եմ, որ այս իշխանությունն իրեն արդարացնի, հաջողի` չնայած այն բանին, որ նրանց շատ քայլերի հետ համաձայն չեմ:
Աննա Բաբաջանյան