«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Վրեժ Կիրակոսյանն է:
Նա նշեց իր մանկության, պատանեկության տարիների մի զբաղմունք, որի մասին համարյա չի խոսել. «Չեք հավատա, բայց ժամանակին փոքր հորթեր, ոչխարներ եմ պահել, տարել եմ սար, արածեցրել, կով եմ կթել իմ հարազատ Կաթնաղբյուր գյուղում: Շատ եմ կարոտում գյուղի կյանքը: Երբ գյուղից անմիջապես հետո գալիս եմ քաղաք, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ կենդանիների, բույսերի նման գոյության կռիվ են մղում՝ մոռանալով շատ կարեւոր արժեքների մասին: Հիմա բալիկներս ամռանն այնտեղ են հանգստանում:
Մայրս տեղափոխվել է Երեւան, բայց Կաթնաղբյուրում է հորս շիրիմը, այնպես որ, գոնե մի քանի ժամով պարբերաբար այցելում եմ այնտեղ»,- մեզ հետ զրույցում նշեց Վրեժը:
Նա բացահայտեց իր կյանքից եւս մի ուշագրավ դրվագ: Պարզվում է՝ երգիչն ուսանողական տարիներին հետաքրքրվել է լրագրությամբ, ավելին՝ իր ուժերը փորձել է այդ ասպարեզում. «Ուսանողական տարիներին անցել եմ վերապատրաստման դասընթացներ եւ աշխատել եմ որպես հեռուստալրագրող, պատրաստել եմ ռեպորտաժներ: Հիմնականում անդրադարձել եմ բնապահպանական թեմաների, օրինակ՝ Սեւանի մասին ռեպորտաժ ունեմ»,- մանրամասնեց երգիչը:
Հարցին, թե ինչու չշարունակեց լրագրողի ուղին, Վրեժը պատասխանեց, որ երեք-չորս ամիս որպես լրագրող աշխատելուց հետո հասկացել է, որ այդ մասնագիտությունն իրենը չէ:
Աննա Բաբաջանյան