Արգելված «պտուղը»` ձկան փառատոնին․ ինչու էր այն ներկայացվել համտեսի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «Սեպտեմբերի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում անցկացվեց ձկան փառատոնը, այլ կերպ ասած` «Էկո ֆիշֆեստը»: Ի դեպ, փառատոնին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փառատոնին համտեսման է ներկայացվել նաեւ սիգ ձկնատեսակ, որի որսը, ինչպես հայտնի է, արգելված է:

Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է մշակել եւ քննարկման դրել` սիգի 150 տոննա արդյունագործական որսի թույլտվության վերաբերյալ: Այն դեռ հաստատված չէ կառավարության կողմից: Այս պատճառով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանից հետաքրքրվեցինք` ինչու է փառատոնին համտեսի ներկայացվել սիգ ձկնատեսակ, այն դեպքում, երբ որսն արգելված է: Հարցին ի պատասխան մարզպետն անկեղծացավ. «Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք. Սեւանա լճում կա ձկնորսություն եւ դա կարգավորման կարիք ունի: Հայաստանում Դուք գիտեք որեւէ ռեստորան, որտեղից չեք կարող պատվիրել ու Ձեզ սիգ չեն բերի: Այո, սիգի որս կա, եւ մենք ամեն կերպ փորձում ենք մեր գործընկերներից նաեւ խնդրելով կարգավորել այս ոլորտը»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` սիգը համտեսել է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարզպետը կարճ պատասխանեց. «Ես ինչքան հիշում եմ, վարչապետը որեւէ տեղ, որեւէ բան չհամտեսեց, այդ թվում նաեւ սիգ»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս