Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանը և Աննա Վարդապետյանն սեպտեմբերի 17-ին ընդունել են Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) փորձագետների պատվիրակությանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի ընթացակարգին համապատասխան՝ այս այցի և դրա ընթացքում իրականացված հանդիպումների նպատակը դատական օրենսգրքում և հարակից օրենքներում նախագծված փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Հանձնաժողովի կարծիքը նախապատրաստելու համար մասնագիտական քննարկումների իրականացումն էր:
Նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել փորձագետներին՝ նախարարության դիմումին արձագանքելու և կարծիքի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու համար: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ողջունի խոսքում ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների հետ Կառավարության համագործակցության բարձր մակարդակը՝ հղում կատարելով այն ընդհանուր արժեքներին, որոնց վրա հիմնված է Եվրոպայի Խորհրդը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մասնավորապես, փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը և փոխնախարար Աննա Վարդապետյանը հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամների հարցերին ի պատասխան՝ ներկայացրել են դատավորների կողմից գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առանձնահատկությունների, Բարձրագույն դատական խորհրդի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվելիք իրավական ընթացակարգերը, ինչպես նաև նախագծերի փաթեթի տարբեր կարգավորումներին առնչվող այլ մասնագիտական հարցերը: