Գյումրիից` ուղիղ չվերթով ԱՄՆ. հայտնի են Փաշինյանի ուղեկցորդների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի մասին շատ վաղուց էր խոսվում, եւ, ահա, այս օրերին հայտնի են դարձել այցի օրակարգն ու սպասվող հանդիպումները: Եվ, ամեն դեպքում, ուսումնասիրելով օրակարգը` պարզ է դառնում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ: Համենայնդեպս, հանդիպման օրակարգում նման հանդիպման փաստը բացակայում է:

Սակայն դրան զուգահեռ ԱՄՆ այցը բավական հագեցած օրակարգ է ունենալու, եւ պաշտոնյաների բավականին մեծ կազմ է մեկնելու վարչապետի հետ: Ըստ այդմ, վարչապետն աշխատանքային այցով ԱՄՆ կմեկնի սեպտեմբերի 21-ին, սակայն մինչ այդ նա Գյումրիում կմասնակցի ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումների պաշտոնական մասին եւ ԱՄՆ կմեկնի հենց Գյումրու օդանավակայանից: Սեպտեմբերի 21-ին Գյումրի-Լոս Անջելես չվերթ կլինի, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին պատվիրակությունը Երեւան կվերադառնա Նյու Յորքից:

Ինչպես արդեն նշեցինք, օրակարգում ընդգրկված են այն հանդիպումները, որոնք սպասվում են ԱՄՆ-ում: Ըստ այդմ, սեպտեմբերի 22-ին վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի Գրանդ Փարքում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպումներ կունենա Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի քաղաքական ղեկավարության, ԱՄՆ արեւելյան ափի հայ համայնքի կառույցների, Հայ ավանդական կուսակցությունների եւ Կալիֆորնիայի նահանգի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Միեւնույն ժամանակ նախատեսվում է նաեւ հայ-ամերիկյան համատեղ գործարար համաժողովի անցկացում:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիական ոլորտիընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայազգի մասնագետների հետ: Այնուհետեւ վարչապետ Փաշինյանը ՆյուՅորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության 74-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշիհետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շրջանակում նախատեսվում են համագործակցության մասին հուշագրերի ստորագրում: Սա հանդիպման այն օրակարգն է, որը հասանելի է հանրությանը, սակայն չի բացառվում, որ կարող են լինել նաեւ օրակարգից դուրս հանդիպումներ եւ իրադարձություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բավականին մեծ պատվիրակությամբ է վարչապետը ԱՄՆ մեկնելու: Լոս Անջելես մեկնող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը եւ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, իսկ Նյու Յորք մեկնող պատվիրակության կազմում՝ ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը:

Վարչապետի հետ պատվիրակության կազմում են լինելուՍփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը եւ վարչապետի աշխատակազմից այլ ներկայացուցիչներ: Բացի այդ, պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը:

Նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո մեծ թվով հայ պաշտոնյաներ են մեկնել ԱՄՆ: Հատկապես դա նկատելի եղավ ամռան ամիսներին, երբ նույնիսկ մի քանի պաշտոնյաներ էին միաժամանակ գտնվում ԱՄՆ-ում: Մասնավորապես, այդ օրերին միաժամանակ ԱՄՆ-ում էին գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, սակայն առանձին այցերով եւ առանձին հանդիպումներով, ոչ թե միասին: Ընդ որում, Միրզոյանն ու Ավինյանն այցելելու են նաեւ Բոսթոն:

Առհասարակ, վերջին մեկ տարվա ընթացքում եղել են ավելի շատ փոխայցելություններ, քան վերջին տարիների ընթացքում: Հայ-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային պասիվություն եղավ 2016 թվականից հետո, եւ դա ուներ իր տրամաբանական բացատրությունը, քանի որ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահ դառնալուց հետո փոխվեց երկրի քաղաքականությունը` հատկապես արտաքին քաղաքականության առումով, եւ Թրամփը սահմանեց այլ առաջնահերթություններ, ու հայ-ամերիկյան հարաբերությունների առումով շատ հարցեր մղվեցին հետին պլան:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս