Սեպտեմբերի 17-ին նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ռիգայի ամրոց, որտեղ նրանց ընդունեց Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսը։
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշեցին, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, դրանք հարաբերություններ են ազատության և անկախության նկատմամբ առանձնահատուկ ուժեղ զգացում ունեցող ժողովուրդների միջև:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ իր այցը մեծ նպաստ կբերի երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսության առավել ակտիվացմանը և խորացմանը:
Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծեցին նաև հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրներին և ժողովուրդներին առավել մերձեցման գործում: Նախարար Մնացականյանը նշեց, որ լինելով Լատվայի հպարտ քաղաքացիներ և իրենց ներդրումը ունենալով երկրի զարգացման գործում՝ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները և պահապանները:
ԱԳՆ ղեկավարը նախագահ Լեևիթսի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա, որոնք ուղղված են ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը և վերջինիս նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Դատաիրավական բարեփոխումների համատեքստում նախարար Մնացականյանը կարևորեց միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:
Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժևորվեց Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ:
Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային զարգացումների և դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումների շուրջ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Նախագահ Լևիթսը և նախարար Մնացականյանը շեշտեցին, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։