Նախկին գյուղապետի որդին հայտնվել է դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Ազատամուտ համայնքի նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանի որդու` Ռոբերտ Մարտիրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 20018թվականի մայիսի 7-ին` ժամը 18-ի սահմաններում, քարերով եւ դանակով հարվածել է Ազատամուտ գյուղի բնակիչ Շահնազար Ալավերդյանի վարած «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենային` վնասելով առջեւի հողմապակին, շարժիչի ծածկոցը, առջեւի աջ դռան վերեււի հատվածը` պատճառելով 84 հազար դրամի վնաս:

Բացի այդ, նա 2018թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 08․30-ի սահմաններում, Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով այդ համայնքի բնակիչների կողմից գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող խաղաղ հավաքի ժամանակ կոպտորեն խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել խաղաղ հավաքի մասնակից համագյուղացիների հասցեին, խոչընդոտել է հասարակության անդամների` խաղաղ հավաքին ազատ մասնակցելու սահմանադրական իրավունքի իրականացմանը, որը զուգորդվել է նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով:

Բացի այդ, Ռ. Մարտիրոսյանը նշված հավաքի ընթացքում հասարակական կարգը խախտելու կասկածանքով եւ այլ հնարավոր իրավախախտումներ կատարելը կանխելու նպատակով, ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանի հրահանգով, ժամը 10-ի սահմաններում ֆիզիկական ուժի կիրառմամբ բերման ենթարկվելու ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել իշխանության ներկայացուցիչ Գ. Միրզոյանի նկատմամբ` 2 անգամ ոտքով դիտավորյալ հարվածելով նրան:

Ռ. Մարտիրոսյանը 2018թվականի հոկտեմբերի 18-ին` ժամը 08․30-ի սահմաններում, իրենց թաղամասում Շահնազար Ալավերդյանին բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, իր ընտանիքին պատճառված գույքային վնասը հետ ստանալու դիտավորությամբ, սպառնալով, որ կսպանի,պահանջել է 2015թ. իրենց խանութից կատարված գողության հետեւանքով 4 միլիոն 500 հազար գումարի վնասը: Ռ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով, 258 հոդվածի 2-րդ մասով, 316 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս