«Իմ քայլը»-ը չի շտապում միանալ ԲՀԿ-ի նախաձեռնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչ միայն մետաղական հանքավայրերը, այլեւ հիդրոէլեկտրոկայաններ շահագործող ընկերությունները կհայտնվեն ԱԺ ԲՀԿ խմբակցության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն օրեր առաջ հանդես է եկել Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ստորագրահավաք են սկսել, ձեւաթղթերն ուղարկվել են նաեւ իշխող «Իմ քայլը» եւ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Նշենք, որ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն:

Քննիչ հանձնաժողովը նախատեսում է ստուգել մետաղական հանքավայրերի շահագործմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով` օրինակ, քննիչ հանձնաժողովի ստեղծման միակ նպատակը «Լիդիան Արմենիա»-ի (ընկերությունը նախատեսում է շահագործել Ամուլսարը) հաշվետվողականությունն ու թափանցիկությունը ստուգելն է:

«Նշվում է նաեւ, թե մենք ինչ գործունեություն պետք է իրականացնենք, ինչ լիազորություններ ենք դրանով վերցնում մեզ վրա, որպեսզի ստուգենք իրենց հաշվետվությունը կամ կարողանանք ստուգել ծախսերի արդյունավետությունը, նաեւ պահանջել փաստաթղթեր պետական բոլոր պատկան մարմիններից: Այս ռեսուրսներով մենք պետք է սկսենք ուսումնասիրել մետաղական հանքավայրերը, այդ թվում նաեւ` «Լիդիան Արմենիա»-ն»:

Պարզվում է` հիդրոէլեկտրոկայան շահագործող ընկերությունները այս ցանկում ներառված չեն, բայց հոգ չէ: Քննիչ հանձնաժողովը մտադիր է շատ արագ այս ցանկում ներառել նաեւ ՀԷԿ-եր շահագործող ընկերություններին:

«Դրանք մասնավոր ընկերություններ են, դու չես կարող իրենց ստուգել, բայց մենք հենվում ենք այն փաստի վրա, որ հողը, ընդերքը պետական սեփականություն են, մյուս կողմից` ջուրը, գետերը եւս պետական սեփականություն են համարվում, եւ մենք դրա հետ առնչվող բոլոր ստուգումները իրականացնելու ենք: Սկսելու ենք մետաղական հանքավայրերից, հետո լրացուցիչ լիազորություն կվերցնենք ՀԷԿ-երը ուսումնասիրելու համար բացատրեց պատգամավորը»,-:

«Ժողովուրդ» օրաթերթը պատգամավորից տեղեկացավ նաեւ, որ քննիչ հանձնաժողովին միանալու համար ստորագրել է «Բարգավաճ Հայաստան»-ը ու «Լուսավոր Հայաստան»-ը, իսկ «Իմ քայլը»-ը դեռ լռում է: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Իմ քայլ»-ը նախօրեին փակ նիստում քննարկել է նաեւ այս Քննիչ հանձնաժողովին միանալու հարցը: Մեզ հայտնի դարձավ, որ նիստի ընթացքում պատգամավորների մեծ մասը հայտարարել է, որ առարկություններ չունի: Եւ չնայած սրան`«Իմ քայլը»-ը դեռ չի շտապում հայտարարել քննիչ հանձնաժողովին միանալու վերաբերյալ իր դիրքորոշման մասին:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Պապոյանից հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի «Իմ քայլ»-ը, եւ ինչ է քննարկվել նիստին` Քննիչ հանձնաժողովին միանալու հետ կապված: Մեր հարցին ի պատասխան` պատգամավորն ասաց. «Ես ինչքան գիտեմ, խմբակցությունը որոշում դեռ չունի այդ մասով: Հպանցիկ ենք մոտեցել հարցին: Այդ հարցին լուրջ չենք անդրադարձել: Վերջնական որոշում չկա: Ես, ըստ էության, գաղափարական առումով դեմ չեմ, բայց թե ինչու են իրենք առաջարկում այդ հանձնաժողովը ստեղծել, մանրամասներին ինքս ծանոթ չեմ: Եթե կա էլ մեր մասով վերջնական որոշում, ես գոնե դրա մասինտեղյակ չեմ»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս