Որոշ մարդկանց թվում է՝ բախտս բերել է, որ հասել եմ հաջողության, բայց այդպես հնարավոր չէ 25 տարի ջրի երեսին մնալ. Արմեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը հայտնի հաղորդավար, հումորիստ, սցենարիստ Արմեն Վարդանյանն է: Նա անդրադարձել է իր կենսակերպին, խոստովանել, որ իրեն աշխատասեր մարդ չի համարում, բայց հաջողակ է. այն, ինչ ստեղծում է, ունի պահանջարկ, տալիս է դրական արդյունք: Արմենը խոսել է իր անվան շուրջ պտտվող խոսակցություններից, մեկնաբանել դրանք:

-Արմե՛ն, եթե նորից աշխարհ գայիք, կնախընտրեիք ծնվել…

-Առանց պաթոսի ասեմ՝ կրկին կցանկանայի ծնվել Հայաստանում եւ ունենալ նույն մասնագիտությունը: Բազմիցս առիթներ ունեցել եմ ապրելու դրսում, սակայն նախընտրել եմ մնալ հայրենիքում:

-Մանո՛ւկ, պատանի հասակում հայտնիներից ու՞մ պաստառն եք փակցրել Ձեր սենյակում:

-Երբ ես փոքր էի, ավելի շատ հավաքում էի հայտնիների ձայնապնակները, կարդում էի նրանց գրքերը: Վիսոցկին էր, ում ես լսում էի, ավելի ուշ ընթերցեցի նաեւ նրա բանաստեղծությունները:

-Նույնիսկ ամենադժվար իրավիճակում չպետք է մոռանալ, որ…

-Որ ծնվելն ու առողջ լինելն արդեն իսկ մեծ պարգեւ է, իսկ դժվարությունները պետք է քեզ ուժեղացնեն:

-Ձեզ միշտ խանգարել են մարդիկ, որոնք…

-Վիսոցկուց խոսեցինք, իր խոսքերը մոտավոր ցիտեմ՝ չեմ սիրում, երբ մեջքից են խփում, բայց նաեւ երբ դիմացից են կրակում, բայց պատրաստ եմ, կոփված եմ: Ամենատհաճ բանը մեջքից հարված ստանալն է… Չնայած տարածված կարծիքին՝ ես կարծում եմ, որ տղամարդու ամենաանպաշտպան մասը մեջքն է (ծիծաղում է):

-Ձեր կենսակերպի մեջ ամենաշատն ի՞նչը կուզենայիք փոխել…

-Կցանկանայի ռեժիմով աշխատել: Մտավոր աշխատանք կատարողների դեպքում դա դժվար է իրականացնել. նրանք մի քիչ ծույլ են: Կուզենայի համակարգված աշխատել: Ես ինձ աշխատասեր չեմ համարում, բայց այն, ինչ ստեղծում եմ, պահանջարկ է վայելում եւ լավ արդյունք է տալիս:

-Օրվա ընթացքում հսկայական ժամանակ եք հատկացնում…

-Եթե աշխատանքային օր է, աշխատանքին. ի դեպ, կարող է հասարակ երկխոսության վրա մի ամբողջ օր ծախսեմ, իսկ եթե ոչ աշխատանքային օր է, մտածում եմ, թե հաջորդ օրն ինչ եմ անելու:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն է կպչուն մտքերից ձերբազատվելու լավագույն ձեւը:

-Տարիքի հետ գալիս է այն միտքը, որ արդեն մեծանում ես… Բայց դրա դեմ պայքարի ձեւ չկա: Երկար ապրելու միակ տարբերակը ծերանալն է:

-Ի՞նչ կասեք այն ֆեյքերին, որոնք Ձեր հասցեին ինչ ասես գրում են համացանցում:

-Այսօր արդեն «հայտնի» բառն էլ մարդկանց նյարդայնացնում է: Բազմոցին նստած որոշ մարդկանց թվում է, թե բախտս բերել է, որ հասել եմ հաջողության, բայց չգիտեն, որ հումորային դաժան ոլորտում մարդ չի կարող ավելի քան 25 տարի ջրի երեսին մնալ հենց այնպես… Առողջ քննադատությունը ես ընդունում եմ, բայց, ցավոք, միայն վերնագիր կարդացող եւ մեկնաբանություն գրող զանգվածն է այսօր մեծացել: Իհարկե, ինձ լավ չեմ զգում, երբ աչքովս են ընկնում անադեկվատ մեկնաբանություններ: Դրանք, միեւնույնն է, իրենց ազդեցությունն ունենում են:

-Ո՞ր նկարչի ձեռագիրն է հոգեհարազատ:

-Մոդիլիանի եմ սիրում. «Կնկարեմ քո աչքերը, երբ կճանաչեմ քո հոգին…»:

-Կնոջ արտաքին գրավչության գրավականը ո՞րն է:

-Այսօր, անկախ ինձնից, փողոցում աչքս փնտրում է ոչ սիլիկոններով, մի քիչ մեծ քթով աղջիկների: Մեկ-մեկ կարոտում եմ այդ դեմքերին: Հիմա անակնկալներ են շատացել, գեղեցկուհի, պլաստիկ վիրահատություններ արած հարսը մեկ էլ մեծ քթով աղջիկ է լույս աշխարհ բերում…(ծիծաղում է): Կնոջը գրավիչ են դարձնում, օրինակ, ժեստիկուլյացիան, շարժումները…

-Կցանկանայի՞ք ապրել գյուղում:

-Կցանկանայի ստեղծագործել գյուղում, բայց ապրել՝ ոչ: Մասնագիտությունս ենթադրում է աշխուժություն, տեղեկացվածություն: Գյուղում կապրեի, եթե իմանայի, որ շեդեւր եմ գրելու: Այդ դեպքում մի քանի տարով Մարկեսի նման կփակվեի այնտեղ (ծիծաղում է):

-Ինչի՞ համար գումար չեք խնայի:

-Առողջական հարցերի, ինչպես նաեւ գիրք գնելու:

-Ի՞նչ բիզնես կցանկանայիք ունենալ:

-Կուզենայի ունենալ իմ սեփական էստրադային թատրոնը: Մեծ հաճույքով կստեղծագործեի, կքնեի, կարթնանայի այնտեղ, կապրեի այդ թատրոնով, կունենայի իմ ձեռագիրը, մյուս լուրջ ռեժիսորներին էլ կասեի՝ դուք զբաղվեք ձեր գործով, ես զբաղվեմ՝ իմ գործով: Ես հասարակ մահկանացու եմ, չեմ ուզում կիսաստվածների գործերին խառնվեմ (ծիծաղում է):

-Ձեզ հաջողակ մարդ համարո՞ւմ եք:

-Այո, վերադառնալով խոսակցության սկզբին՝ ծնվել եմ, առողջ եմ, ունեմ սիրելի աշխատանք, ընտանիք, ապրում եմ նրանց համար:

-Մի հարց, որ ինքներդ Ձեզ կտայիք, բայց ես չհնչեցրի:

-Ես կասեմ այն հարցը, որ չէի ուզի՝ ինձ տայիք: Դա հենց Ձեր վերջին հարցն է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս