«Թատրոնում այժմ անորոշ, անհասկանալի մթնոլորտ է: Բոլորը սպասողական վիճակում են: Տեղեկություն չունեմ, թե, ի վերջո, երբ կհայտարարվի թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը, սակայն ես մտադրվել եմ դնել իմ թեկնածությունը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Յուրի Իգիթխանյանը:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին լրացել էր թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի պաշտոնավարման պայմանագրի ժամկետը։ Վեց ամսով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թատրոնի PR մենեջեր, դերասան Յուրի Իգիթխանյանը։ Այս տարվա հուլիսին թատրոնից հայտնեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշում է կայացրել թատրոնի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանին։
ՀՀ մշակույթի նախարարությունը «Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար արդեն մրցույթ հայտարարել էր։ Այն պետք է կայանար հուլիսի 3-ին, սակայն մրցույթը չէր կայացել, քանի որ Յուրի Իգիթխանյանը միակ թեկնածուն էր:
Մեր հարցին, թե ընտրվելու դեպքում դժվար չի լինի համատեղել դերասանական եւ վարչարարական աշխատանքը, Յուրին պատասխանեց. «Դժվար է, բայց ժամանակակից մոտեցմամբ պրոդյուսերությունը նույնպես համարում եմ ստեղծագործական աշխատանք: Ինձ գրավում են մարքետինգային կրեատիվ մոտեցումները: Ըստ իս՝ թատրոնը շոու-բիզնեսի մաս է, ինձ հետաքրքրում է պրոդյուսերի աշխատանքն այդ ոլորտում»:
Այժմ Յուրին ընդգրկված է «Французские штучки» ներկայացման մեջ, որը տարիների ընդմիջումից հետո վերադարձվել է խաղացանկ. «Գուցե գեղարվեստական ղեկավարն ինձ ուրիշ դերեր էլ առաջարկի, սպասում եմ»,- եզրափակեց դերասանը:
Աննա Բաբաջանյան