Պաշտոնները հավերժ չեն. Լիլիթ Մակունցը՝ ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրավիրել է վարչության նիստ, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից առաջ ազգային ժողովին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի կարող ասել՝ ինչ հարցեր են քննարկվելու նիստի ընթացքում, որովհետև հստակ օրակարգ չկա: «Ես չեմ կարող նաև ասել՝ ինչ հարցեր կհնչեցվեն իմ կողմից, բայց, համենայնդեպս, վարչության նիստի օրակարգի վարողը կհայտնի և կիմանանք՝ ինչ հարցեր կան օրակարգում»,- ասաց Մակունցը:

Հարցին՝ ուժային երկու կառույցների ղեկավարների հրաժարականները ի՞նչ են նշանակում, Մակունցը նշեց, որ կան բնականոն գործընթացներ և միայն այդ տիրույթում կարող է ասել: «Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել, որ մի պաշտոնյան մեկ այլ պաշտոնյայով փոխարինվի, չեմ կարող ասել, բնականոն գործընթաց է: Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»,- նկատեց խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ իր հրաժարականի խոսքում ի՞նչ մեսիջներ էր հաղորդում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, լիլիթ Մակունցը պատասխանեց. «Պարոն Վանեցյանը հաջորդ օրն արել է այլ հայտարարություն և մեկնաբանել է, հավելյալ մեկնաբանել չեմ կարող»:




Լրահոս