Դերասանուհի Լալա Մնացականյանը, ով նաև հայտնի է իր ընդդիմադիր քաղաքական հայացքներով, բազմիցս մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ակցիաներին ու մշտապես կանգնել քաղաքացիների կողքին: Դերասանուհին ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է մեր երկրում ամենաշատը քննարկվող հարցերի մասին:
– Տիկի′ն Մնացականյան, վերջին ամսում մեր երկրում քննարկման լայն թեմա է դարձել Ամուլսարում հանքի շահագործման հարցը: Դուք՝ որպես մտահոգ քաղաքացի, ինչպիսի՞ դիրքորոշում ունեք:
-Ամուլսարի մասին ես խոսել եմ դեռևս 2017-18 թվականներին, երբ ուսումնասիրեցի բոլոր նյութերը, որոնք ինձ ուղարկեցին: Ես կարծում եմ, որ հանքի շահագործումը պարզապես աղետ է լինելու մեր ժողովրդի համար: Ես չեմ գտնում, որ այս մի փոքր հողակտորի վրա կարելի է արդյունաբերությամբ զբաղվել, ընդերքը քանդել. ունենայինք 300 հազար քառակուսի կիլոմետր, կարելի էր ինչ-որ մասն օգտագործել, բայց այս մի պուճուր հողակտորի վրա հանքարդյունաբերությունը զարգացնե՞լ… ատոմակայանը կա, Նաիրիտը բերել են: Չեմ հասկանում՝ ի՞նչ են ուզում անել, մեզ ոչնչացնե՞լ:
Մեր երկրում չպետք է հանքարդյունաբերությամբ զբաղվենք, որպեսզի հարստանանք: Ընդերքը կհանեն, երկրին այնքան վնաս կտա, ինչքան օգուտ չեն տեսնի: Մենք ունենք ուրան, ոսկի, ամեն ինչ, բայց դա չի նշանակում, որ պետք է երկիրը քանդեն, հաջորդ սերունդն էլ ծնվի հիվանդ:
– Գո՞հ եք Նիկել Փաշինյանի կառավարությունից:
-Մարդիկ փորձում են աշխատել, բայց կան այնպիսի մարդիկ, ովքեր իրենց տեղում չեն: Նրանք անգրագետ են, իրենց գործի գիտակը չեն:
-Ինչպե՞ս եք վերաբերվում սահմանադրական դատարանում առկա ճգնաժամին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:
-Մենք պետք է ունենանք անկախ և անաչառ դատարան: Արդեն ուշացել են, քանի որ մեկ ու կես տարի է՝ մենք ձգձգում ենք, չենք կարող որոշում ընդունել Դատական համակարգում, չի կարելի, դա աբսուրդ է, ո՞ւմ վրա ենք հույս դնում, այն դատավորների՞, ովքեր տարիներ շարունակ մեզ խաբե՞լ են: Ժողովրդի ցանկությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր հասցրել են այս վիճակին, պետք է պատժվեն: Ովքեր հարստացել են ժողովրդի հաշվին, ստրկացրել, ստորացրել են, բոլորը պետք է պատասխան տան:
Լիդա Եղիազարյան