Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով, և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես կբացատրի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելն ու խորհրդական նշանակելը: «Նորմալ իրավիճակ է, երբ գործատուն, իր աշխատակցի աշխատանքից գոհ չի լինում և որոշում են բաժանվել։
Ընդհանրապես, աշխատանքի տարբեր ուղղություններ և տարբեր պատասխանատվություններ կան:
Այդ առումով չէի ուզենա մեկնաբանել: Դրանք տարբեր աշխատանքներ են, մի մարդը մի տեղում լավ է աշխատում, մյուս տեղում այդքան էլ լավ չի աշխատում, մեզնից յուրաքանչյուրն այդպիսի հատկություններ ունի։ Որևէ մեկին կարելի է մի տեղ նշանակել ու նա արդյունավետ աշխատի, իսկ մեկ այլ տեղ այդքան էլ արդյունավետ չաշխատի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հակոբ Արշակյանը։
Նախարարը հրաժարվեց մեկնաբանել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստի բովանդակությունը՝ նշելով, որ մեկնաբանության համար ավելի լավ է դիմել հենց Վանեցյանին։
Հարցին, իսկ իր աշխատանքից գո՞հ է իր գործատուն՝ Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Հուսամ»: