Իրինա Հարությունյանը Մոսկվայում մշտական բնակվելու և այնտեղ աշխատելու գայթակղիչ առաջարկ է ստացել. երգչուհին կլքի՞ հայրենիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսաստանի Դաշնությունից մի պրոդյուսեր առաջարկում է ինձ համագործակցել, մշտական տեղափոխվել Մոսկվա, սակայն որոշել եմ մերժել գրավիչ այդ առաջարկը, քանի որ չեմ պատկերացնում իմ կյանքը՝ Հայաստանից դուրս»,-«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց երգչուհի Իրինա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դրսում ինքը շատ ավելին կարող է վաստակել, սակայն առանց հայրենիքի այդ ամենն իմաստ չունի: Բացի այդ՝ Իրինան խուսափում է նման կտրուկ փոփոխություններից: Ասում է՝ դրանք իր համար չեն:
Երգչուհին պատրաստվում է երկու շաբաթից մեկնել Միացյալ Նահանգներ, որտեղ հանդես կգա մենահամերգով: Հիմա զբաղված է կազմակերպչական հարցերով: Նրա երկրպագուներին սպասվում է մեկ նորություն եւս. շուտով կթողարկվի Իրինայի նոր երգը, որի հեղինակն արտերկրից է: Այդ առթիվ այլ մանրամասներ երգչուհին չհայտնեց: Իսկ հարցին, թե երբ է պատրաստվում մենահամերգով հանդես գալ Երեւանում, Իրինան պատասխանեց. «Ես դրան բավական լուրջ եմ պատրաստվելու, քննության պես մի բան է լինելու երեւանյան մենահամերգը: Այնպես որ, դեռեւս ժամկետներ նշել չեմ կարող»:

Մենք հետաքրքրվեցինք՝ թավշյա հեղափոխությունից հետո երկրում` իր ոլորտում, ինչ տեղաշարժեր է տեսնում Իրինան. «Ճիշտն ասած՝ զգալի փոփոխություններ առայժմ չեմ տեսնում, բայց հուսով եմ, որ դրական տեղաշարժեր շուտով կլինեն: Իհարկե, գիտակցում եմ, որ ամեն բան միանգամից չէր կարող իր տեղն ընկնել: Իրականում ինձ համար բոլորովին կարեւոր չէ, թե ով կլինի իշխանության գլուխ, կարեւորն այն է, որ նա պետականամետ մեկը լինի, պետական մտածողություն ունենա:

Մենք՝ հայերս, արժանի ենք լավ ապրելու: Տարբեր առիթներով լինում եմ արտերկրում, տեսնում եմ, որ մեր մտավոր ներուժը, մեր տաղանդները իրենց շնորհը ծառայեցնում են արտերկրացիներին: Որքա՜ն լավ կլիներ, որ հայրենիքում ստեղծվեին համապատասխան պայմաններ, եւ նրանք աշխատեին իրենց երկրի համար, վերադառնային Հայաստան»,- եզրափակեց երգչուհին:

Անի Անտոնյան




Լրահոս