Եթե չհարմարվեի այս իշխանությունների հետ, առաջին օրվանից կասեին` գնա. Հենրիկ Նավասարդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ աշխատանքից ազատվեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Պարզվում է, որ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություններ է ստացել Հենրիկ Նավասարդյանից աշխատանքից ազատման պատճառների մասին: Նավասարդյանը պարզաբանում է. «Եթե չհարմարվեի այս իշխանությունների հետ, առաջին օրվանից կասեին` գնա: Իմ 66 տարին լրացավ սեպտեմբերի 12-ին, իսկ համայնքային ծառայողն իրավունք ունի աշխատելու օրենքով կարգավորվող մինչեւ 65 տարեկանը, իսկ երբ 65 տարին լրանում է, համայնքի ղեկավարն իր հայեցողությամբ իրավունք ունի երկարացնել մեկ տարով, ոչ ավելի:

Իմ դեպքում երկարացված էր, եւ այդ ժամկետն էլ լրացավ սեպտեմբերի 12-ին: Որպես համայնքային ծառայող` ես իրավունք չունեմ աշխատելու: Աշխատանքից ազատման այլ պատճառներ չկան, մենք շատ բարի հարաբերություններ ունենք եւ այդպես էլ իրարից հեռացել ենք: Օրենքն է ինձ ազատել: Եթե իմ կարիքը զգան, ես սիրով իմ խորհուրդները կտամ»:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նավասարդյանն ասաց, թե այժմ պարապ չէ, աշխատանք ունի: «Ես այնքան զբաղմունք ունեմ, նույնիսկ ընդմիջում անելու ժամանակ չունեմ: Ես ունեմ իմ աշխատանքը, ընտանեկան գործեր կան, փառք Աստծո»,- լրացրեց Նավասարդյանը:

Նշենք, որ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:

Ս.Հ.




Լրահոս