ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ո՞ր վարորդներն են ավելի հաճախ հայտնվում ՃՈ-ի թիրախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը ավելացել է:

Ըստ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի`2018 թվականին` մինչեւ սեպտեմբերի 16-ը, տեղի է ունեցել 2858 ՃՏՊ, որի հետեւաքով զոհվել է 233 եւ վիրավորվել 4051 մարդ: Այս տարվա սեպտեմբերի 16-ի դրությամբ տեղի է ունեցել 3187 ՃՏՊ, որի հետեւանքով զոհվել է 232 եւ վիրավորվել 4583 անձ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանը:

-Պարո՛ն Կարապետյան, Հայաստանում ավտոտրանսպորտային պատահարների թիվն ավելացել է: Ի՞նչն է պատճառը:

-Հայաստանում ՃՏՊ-ների պատճառները բազմազան են, եւ, չգիտես ինչու, մեր քաղաքացիները հենց լսում են ՃՏՊ, միանգամից թեքվում են դեպի ճանապարհային ոստիկանություն ու հարցնում են` ինչու եղավ ՃՏՊ: Բայց այստեղ շատ ծնող պատճառներ կան: Առաջինը ներկայացնեմ. գաղտնիք չէ, որ վերջին երկու տարում Հայաստան աննախադեպ քանակությամբ տրանսպորտային միջոցներ են ներկրվել:

Օրինակ` 2018 թվականին, եթե չեմ սխալվում, ներկրվել էր 76 հազար ավտոմեքենա,իսկ այս տարի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 17-ի դրությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառվել է (խոսքը նոր մտած տրանսպորտային միջոցների մասին է) 96 հազար 394 տրանսպորտային միջոց: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 45 հազար 890 տրանսպորտային միջոց:

Ներկրվածի մոտ 70 տոկոսը 10 եւ ավել տարիների արտադրված տրանսպորտային միջոցներ են: Երկրորդ պատճառը միջպետական եւ հանրապետական ճանապարհների լուսավորության բացակայությունն է կամ թերի լինելը: Երրորդը` ՀՀ-ում գրեթե ոչ մի տրանսպորտային միջոց տեխնիկական ստուգում չի անցնում, իսկ եթե անում էլ են, ապա շատ քիչ, նաեւ մարզերում գծանշումների եւ ճանապարհային նշանների ոչ բավարար կամ թերի լինելը: Բացի սրանցից կան նաեւ վարորդների կողմից կատարվող խախտումներ, որոնք որ վթարածին են:

-Կներկայացնե՞ք թվային տվյալներ, թե վարորդների կողմից հիմնականում ինչպիսի խախտումներ են կատարվել:

-Առավել վտանգավորը արագության գերազանցումն է, որի հետ կապված օգոստոսի 31-ի դրությամբ եղած տվյալները ներկայացնեմ: Կազմվել է 44 հազար 74 վարչական արձանագրություն` արագությունը գերազանցելու համար, սա միայն տեսուչների կողմից գրված արձանագրություններն են:

Հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը շատ վտանգավոր խախտում է. գրվել է 313 վարչական արձանագրություն, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար կազմվել է 3655 վարչական արձանագրություն, վազանցի կանոները խախտելու համար կազմվել է 3407 վարչական արձանագրություն եւ վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվելու համար` 2946 վարչական արձանագրություն: ՃՈ տեսուչների կողմից օրական գրեթե 500-600 վարչական արձանագրություն կազմվում է միայն ամրագոտի չկապած վարորդների նկատմամբ:

-Դուք նշեցիք, որ ՀՀ-ում գրեթե ոչ մի տրանսպորտային միջոց տեխզննում չի անցնում: Տեխզննման գործընթացը ո՞ր կառույցի կողմից է վերահսկվում:

-Մինչեւ 2007 կամ 2008 թվականը այդ գործառույթը իրականացրել է ՃՈ-ն, դրանից հետո այն դուրս է եկել ՃՈ-ի գործառույթներից: Այսօր վարորդն ընդամենը վերցնում է կտրոնը բանկից, փակցնում է մեքենայի դիմապակուն եւ այդքանով համարում է, որ տեխնիկական ստուգումն արված է: Բայց դա քիչ է, ընդամենը երեւում է, որ գույքահարկն է վճարել: Հարցը օդում կախված չէ, այն այժմ քննարկման ընթացքում է:

-Պարո՛ն Կարապետյան, մեզ շատ քաղաքացիներ են դիմում եւ հայտնում, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում իրենք Երեւանի փողոցներում ճանապարհային ոստիկանի գրեթե չեն տեսնում: Ավելին, նրանք ՃՈ տեսուչներ նկատում են հիմնականում Մաշտոցի պողոտայում:

-Ես Ձեզ ներկայացրի տրանսպորտային միջոցների թվաքանակը: 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` 160-170 հազար տրանսպորտային միջոց է ավելացել Հայաստանում,իսկ ճանապարհային ոստիկանիների թիվը նույնն է, չի ավելացել: Ճանապարհային ոստիկանների թվաքանակը ինչպես 2015-ին, այնպես էլ 2016, 2017, 2018 թվականներին նույնն է:

Քիչ կամ շատ երեւալու խնդիրը հետեւյալն է. քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ների թվի ավելացում է նկատվել, այդ վթարները սպասարկում են ճանապարհային ոստիկանները, եւ այդ ահռելի թվի մեջ ճանապարհային ոստիկանը հազիվ է հասցնում այդ վթարների ձեւակերպումներն անել:

8 ամսվա տվյալներով` ճանապարհային ոստիկանի կազմած արձանագրությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 70 հազարով ավելի է: Եթե վարչական արձանագրություններն ավելի են գրել ու վթարներն ավելի սպասարկել, ինչպե՞ս է հնարավոր, որ տեսուչ չլինի. եթե տեսուչը չլինի, այդ գործառույթը ո՞վ էր անում մեր փոխարեն:

Իսկ ինչ վերաբերում է, որ մի փողոցում ավելի է, մյուսում` քիչ, ապա պատճառը պարզ է` ճանապարհային ոստիկանությունն ունի հատուկ տեղադիրներ եւ այդ տեղադիրներով է ծառայում: Շատ ցավալի է, որ մեր քաղաքացիները, տանը նստած, համացանցով քնադատում են մի կառույցի, որը ոչ թե 8, այլ 24 ժամ դրսում ծառայություն է իրականացնում:

-Դուք նշեցիք, որ ՃՈ տեսուչների թվաքանակը չի ավելացել վերջին տարիներին: Ի՞նչն է պատճառը, գուցե աշխատավա՞րձն է ցածր եւ չի գրավում մարդկանց:

-Ճանապարհային ոստիկանության տեսուչները ստանում են աշխատավարձ այնքան, որքան ստացել են նախկինում: Ես այսօր ճանապարհային ոստիկանությունում նոր նշանակված 20 աշխատակիցների շնորհավորցի, իրենց ներկայացրի ստորաբաժանման հրամանատարներին եւ արդեն վաղվանից այդ 20 հոգին անցնելու է ՃՈ-ում ծառայության: Մենք ունեցել ենք թափուր տեղեր, եւ արդեն 20-ով համալրվեց:

-Ձեր ոլորտի վերաբերյալ աղմակահարույց նախագիծն օրեր առաջ ընդունվեց առաջին ընթերցմամբ, շատերի կողմից այն որակվեց որպես «գործ տալու» օրինագիծ, որովհետեւ հնարավություն է ստեղծում սովորական քաղաքացիներին տեսանկարահանել նկատած խախտումներն ու տրամադրել ոստիկանությանը: Այն ի՞նչ ազդեցություն կունենա ճանապարհային ոստիկանության աշխատանքի վրա:

Արդյոք ՃՈ-ն չէ՞ր կարողանում ինքուրույն գործը գլուխ բերել,որ քաղաքացիներին են ներգրավել այս գործում:

-Գիտեք, ամեն քայլափոխի ճանապարհային ոստիկանության տեսուչը չի կարող հայտնվել, դա փաստ է: Մենք ունենք հստակ կարգախմբերի քանակ, այդ կարգախմբերը հազիվ իրենց ծառայությունն են իրականացնում:Ես ասեմ` շատ վարորդներ, որոնք հաճախակի խախտումներ են կատարում, արդեն իսկ կվախենան, որ իրենցից մի երկու քայլ այն կողմ գտնվող քաղաքացին կարող է նկարել եւ ուղարկել ճանապարհային ոստիկանություն:

Այստեղ ես վատ բան չեմ տեսնում: Կարծում եմ` կծանրաբեռնվի աշխատանքը,բայց բոլորը կհասկանան, որ ամեն քայլափոխի իրենց կատարած խախտումները, հնարավոր է, քաղաքացիները նկարեն:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս