«ՀայLevel». Ռոզի Ավետիսովան, Հովհաննես Դավթյանն ու Վահագն Գալստյանը՝ նոր յութուբյան սիթքոմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հասանելի է նոր՝ «ՀայLevel» յութուբյան սիթքոմը, որի պրոդյուսերը Հովհաննես Դավթյանն է: Վերջինս հանդես է գալիս նաեւ որպես դերասան: Զուտ յութուբյան, ոչ հեռուստատեսային սիթքոմները Հայաստանում առանձնապես մեծ տարածում չունեն: Այդ առումով նախագիծը, կարելի է ասել, հայաստանյան իրականության մեջ նորություն է: Սիթքոմի դերասանուհի Ռոզի Ավետիսովան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ յութուբյան այս նախագիծն իր հաջողությամբ չի զիջի հեռուստատեսային նախագծերին. «Օրինակ՝ երիտասարդների ժամանակն այսօր բավական սուղ է, եւ նրանք նախընտրում են սիրելի ծրագրերը դիտել «Յութուբ»-ով՝ հարմարեցնելով իրենց գրաֆիկին»:

Քանի որ սիթքոմներ հիմնականում դիտում են երեխաները, եւ արտադրանքն էլ չի ենթարկվելու հեռուստատեսային ինչ-ինչ պահանջների, հարցրինք՝ արդյոք «18+» հումորներ անելու պարագայում հաշվի առնվելու են այս հանգամանքները. «Մեր սիթքոմի համար տարիքային սահմանափակում չկա: Կան բաներ, որոնք պետք է արդեն ծնողները վերահսկեն եւ արտադրողի վերահսկողությունից դուրս են»,-պատասխանեց Ռոզին:

Նա խաղում է Հովհաննես Դավթյանի եւ Վահագն Գալստյանի հետ: Հովհաննեսը մարմնավորում է մի տղայի, որը ամուսնանալու խնդիր ունի, չի կարողանում զուգընկերուհի գտնել իր սպեցիֆիկ խառնվածքի պատճառով: Ռոզին խաղում է նրա քրոջ դերը, իսկ Վահագնը՝ Ռոզիի փեսացուի: Թե՛ Հովհաննեսը, թե՛ Վահագնը կոմեդիայի ժանրում փորձ ունեցող դերասաններ են. «Ստեղծագործական պրոցեսն ավելի ուրախ է անցնում, քան արդյունք է»,- ասաց Ռոզին:

Մինչ այս դերասանուհին խաղացել է եւս մեկ՝ «Խմբագրություն.am» սիթքոմում. «Ժանրն ինձ ծանոթ է, չէի ասի, թե սիթքոմում խաղալը նորություն է: Դատելով առաջին սերիայի դիտումների քանակից՝ հույս ունեմ, որ մեր ակնկալիքները կիրականանան: Պրոդյուսերը շատ է ջանք թափում, լավ կլինի, որ նրա աշխատասիրությունը տա իր պտուղը»,- եզրափակեց Ռոզին:

Անի Անտոնյան




Լրահոս