«Հայաստանի ստեղծած իրավիճակում ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել». Ռուսաստանը վաղաժամկետ կդադարեցնի՞ երկաթուղու շահագործումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր կազմակերպության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այս ամենն ընկերությունը կապում է դուստր ձեռնարկության նկատմամբ «Հայաստանում ձեռնարկված ճնշումներով»։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական RTVi լրատվական կայքին։

Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության նկատմամբ 7 քրեական գործ են հարուցել Հայաստանում, և դրանից բացի, վերցրել են բոլոր արխիվները, ինչը դժվարացնում է երկաթուղային ընկերության բնականոն գործունեությունը։ Ընկերությունում, ըստ աղբյուրի, համարում են, որ սրանք Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներ են իրենց նկատմամբ։

Ընկերության նման մտադրություններն ընդհանուր առմամբ հաստատել է նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալը։

«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել»,- լրատվամիջոցի հարցմանը պատասխանել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը։

Մոսկվան ներկայումս իրավական տարբերակներ է փնտրում հայկական երկաթուղին շահագործելու համաձայնագիրը խզելու համար։




Լրահոս