ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր համայն հայության համար առանձնահատուկ տոն է՝ մեծ դժվարությունների հաղթահարման, բայց և համախմբվածության, մեր ապագայի վերաբերյալ միասնական, հաստատուն դիրքորոշման օգնությամբ հռչակված Հայաստանի անկախության օրը։ Տոն, որը կարևոր հնարավորություն է՝ գնահատելու այն ամենը, ինչը ձեռք ենք բերել այս 28 տարիների ընթացքում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է հպարտանա, որ այսօր ապրում է անկախ Հայաստանի Հանրապետությունում, քանի որ այն ՄԵՐ ձեռքբերումն է, ՄԵՐ հաղթանակը։
Հայությունն իր պատմության ընթացքում շատ փորձությունների միջով է անցել, բայց և հետևողականորեն գնացել անկախ պետականության հաստատման ճանապարհով։ Եվ այսօր ունենք պետություն, որն ամբողջ աշխարհի համար ձևավորել է ժամանակին այդքան համահունչ ժողովրդավարական արժեքներին հետևող պետության կերպար։ Այսօր յուրաքանչյուր հայ պետք է հասկանա և գիտակցի մեր անկախության, պետականության արժեքը, յուրաքանչյուրն իր ոլորտում զարգանա և իր հմտություններն օգտագործի՝ ի շահ մեր պետականության հետագա ամրապնդման։ Յուրաքանչյուր հայ պետք է տիրապետի հայոց պատմությանը, իմանա, որ, ինչպես մեր մեծերից Հ․ Թումանյանն է ասել, «Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»:
Սիրելի՛ հայրենակիցներ, բարդ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայում Հայաստանն այսօր հետևողականորեն առաջ է տանում իր անվտանգային շահերը։ Դրա գլխավոր դերակատարը մեր բանակն է, որը ամեն պահի պատրաստ է արժանի պատասխան տալ հակառակորդի ցանկացած արկածախնդրությանը։
Կրկին շնորհավորելով բոլորիս Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ, ցանկանում եմ մեջբերել մեր սպարապետի խոսքերը անկախության մասին. «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույնն է, ոնց որ ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով՝ անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Ամեն ինչի հավաքականությունն է անկախությունը»։