Ռուսական կողմը համաձայն չէ և դժգոհ է. ՀԿԵ-ի հեռանալու մասին հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը չի շտապում մեկնաբանել «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի եւ Հայաստանի միջեւ պայմանագրի վաղաժամկետ խզման մասին տեղեկությունը: Երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը հայտարարել է, թե մեկնաբանություն չկա, ընկերությունն աշխատում է բնականոն ռեժիմով:

Բայց երեկ ռուսական լրատվամիջոները , վկայակոչելով անանուն աղբյուրի, հայտնել էին, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։

Անանուն աղբյուրը հայտնել է, որ ընկերությունում դժգոհ են, որ իրենց դուստր կազմակերպության նկատմամբ 7 քրեական գործ են հարուցել Հայաստանում, եւ բացի այդ, վերցրել են բոլոր արխիվային նյութերը, ինչը դժվարացնում է երկաթուղային ընկերության բնականոն գործունեությունը։

Եվ հետաքրքիր է, որ մինչ ՀԿԵ-ից փորձում են թաքցնել տեղի ունեցածը, ոչ բնականոն աշխատանքի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ Ռուսաստանի Տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարեւը:

«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ ՀԿԵ-ն չի կարող նորմալ աշխատել. 10 տարիների բոլոր փաստաթղթերն առգրավվել են, չհաստատված մեղադրանքներ են ներկայացվել, և ոչ մի երաշխիք չի տրվել»,- լրատվամիջոցի հարցմանը պատասխանել էր Ռուսաստանի Տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը։

Փաստորեն թեեւ մամուլի խոսնակը խոսում է բնականոն աշխատանքի մասին, այդուամենայնիվ , ռուսական կողմն այլ կարծիք ունի:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ եւս անդրադարձել էր ՀԿԵ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ռուսական կողմը ՀԿԵ-ում իրականացված ստուգումների ոչ բոլոր արդյունքների հետ է համաձայն։ Եթե հընթացս պարզվի, որ քրեական պատասխանատվության ենթակա մարդիկ կան, նրանք կպատժվեն։ Բայց մեր նպատակն է, որ ՀՀ պետական շահերը պաշտպանվեն»,- ասել էր Փաշինյանը:

Ամեն դեպքում 2018 թվականից հարուցված քրեական գործում այս պահին դեռեւս որեւէ տեղաշարժ չկա, եւ ինչպես նշել էր վարչապետը, ռուսական կողմի հետ աշխատանքները շարունակվում են: Հիշեցնենք` 2018թ-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։

Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ կառավարության 2008թ.-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության եւ «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջեւ կնքվել էր «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիր։ Պայմանագրով շուրջ 849մլն. ՀՀ դրամով Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:

«ՀԿԵ»-ն պարտավորվել էր 174,5 մլրդ դրամի (575 մլն. ԱՄՆ դոլար) ներդրում կատարել։ Հարուցված քրեական գործով տվյալներ էին ձեռք բերվել ՀԿԵ-ում թույլ տրված չարաշահումների մասին։ Բոլոր հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել էր ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարվել էր ստուգումն իրականացնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ 2008-2018թթ. իրականացված 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը եւ իրավաչափությունը պարզելու համար: Եվ ահա, հենց այս ստուգումների արդյունքներն են, որ ռուսական կողմը չի ընդունում:

Ավելին, ստուգումների ընթացքում ՀԿԵ-ի կողմից մեկնաբանություններ էին հնչում, թե Քննչական կոմիտեի տեղեկությունները չճշտված են: Ընդ որում, ընկերությունում դեռ օգոստոսին արված ստուգումների անցկացման հիմք էր հանդիսացել այն, որ Հարավկովկասյան երկաթուղին, իբր, չի վճարել 20 հազ. դոլարի չափով հարկեր, այն պարագայում, որ ընկերության ներկայացուցիչները պնդել էին, թե այդ պահին հարկային հավելավճարների չափը ՀԿԵ-ի կողմից կազմում էր մոտ $1 մլն:

«Երկաթուղու 10-ամյա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների կողմից ընկերությունում անցկացրած ստուգումների ընդհանուր տեւողությունը կազմել է 3 տարի: 2018 թվականի արդյունքներով պետական բյուջե վճարվող հարկերի չափը գերազանցելու է 4 մլրդ դրամը, այն դեպքում, երբ 2008 թվականին ծավալը կազմել էր մոտ 1,6 մլրդ դրամ: Այսպիսով, 10 տարվա ընթացքում Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարներն աճել են ավելի քան 2,5 անգամ»,- դեռ այն ժամանակ ներկայացրել էին ընկերությունից: Այսինքն, կրկին պատկան մարմիններն այլ բան են ասում, ընկերության ներկայացուցիչները` այլ բան: Այնպես որ առաջիկայում կարող են նոր զարգացումներ լինելս:

Հավելենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս