Երգչուհի Նարինե Մկրտումյանն առաջիկայում երկրպագուներին անակնկալ կմատուցի՝ տեսահոլովակի տեսքով:
Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ նկարահանում է հոլովակ Անդիի «Արի գնանք Հայաստան» հայտնի երգի հիման վրա. «Ներկայացնելու եմ երգի cover տարբերակը՝ նոր գործիքավորմամբ: Հոկտեմբերին տեսահոլովակը պատրաստ կլինի: Ասեմ, որ նախապես զրուցել եմ Անդիի հետ, նա հավանություն է տվել իմ գաղափարին եւ իրավունք տվել կատարել իր երգը, անգամ խորհուրդներ է տվել այդ առթիվ: Ուրախ եմ, որ այդ երգին նոր շունչ եմ հաղորդելու»,-ասաց Նարինեն:
Ի դեպ, նա ավելի վաղ կատարել էր Ջոնիի «Իմ արև ու կյանք» եւ Թաթայի «Տերևները դեղին» երգերը եւ հանդիսատեսի կողմից բավական բուռն արձագանքի արժանացել. «Արդեն մի քանի կոորպորատիվների հրավիրել են, որպեսզի երգեմ հենց Թաթայի այդ երգը: Թաթան ինքը ուրախություն է հայտնել, որ նորովի եմ մատուցում այդ գործը: Գիտե՞ք՝ կան անուններ, որոնք վաղուց արդեն իրենց կայուն դիրքերն ունեն երգարվեստում, եւ մենք որքան էլ վերցնենք նրանց երգերը, միեւնույն է, բոլորն էլ գիտեն, թե ում երգերն են դրանք»,- շեշտեց Նարինեն:
Երգի պետական թատրոնում աշխատած երգչուհուն հարցրինք՝ չէր ցանականա արդյոք, որ նախորդ տարիների նման այժմ էլ Հայաստանում կազմակերպվեին խմբային համերգներ. «Երգի թատրոնում ամեն երեկո ունեինք համերգներ, ցեերեկներն էլ խաղում էինք մանկական ներկայցումներում:
Ես տեսել եմ լսող, ոչ թե ծամող հանդիսատես, ինչպես այսօր՝ ռեստորաններում: Լսել եմ ծափահարություններ այն երգերի համար, որոնց մեր սիրտն էր ձգտում, ոչ թե որոնք ստիպված եմ կատարել՝ ռեստորաններում մարդկանց տրամադրությունը բարձր պահելու, պարացնելու համար: Այսօր, ցավոք, Հայաստանում համերգային ծրագրեր քիչ կան, եղածներն էլ հաճախ վերածվում են քեֆերի, քանի որ գրեթե բոլորը 6/8 են երգում: Իմ պատկերացմամբ՝ իսկական համերգ ունեցել են օրինակ՝ Անդրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները»,-տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ այսօր երգեր ստեղծվում են հենց ռեստորանային հասարակության համար, որպեսզի քեֆերի մասնակիցների պահանջները բավարարվեն:
Աննա Բաբաջանյան